211652_close_icon
views-count8798 դիտում article-date 16:40 02-01-2015

Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները Ծաղկաձորի անտառում փնտրում են ՌԴ մոլորված քաղաքացի Միխայել Շչուռին (ԼՐԱՑՎԱԾ)

Այսօր՝ հունվարի 2-ին, ժամը 15:00-ի սահմաններում Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցում հանգրվանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացին դուրս է եկել հյուրանոցից եւ որոշ ժամանակ անց զանգահարել եւ հայտնել է, որ ինքը անտառում մոլորվել է: Ինչպես Ծաղկաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ այս պահին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ Տիգրան Ամիրջանյանի գլխավորությամբ, որոնողափնտրողական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայտնաբերեն մոլորված քաղաքացուն: Դեպքի մասին տեղեկացվել է նաեւ Ոստիկանության Հրազդանի բաժնի եւ Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունք, որտեղից նույնպես ժամանել են օպերատիվ խմբեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մոլորված քաղաքացին Միխայել Շչուռն է: 20:25-Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Հրազդանի հրշեջ փրկարարներին եւ ոստիկաններին, ինչպես նաեւ Հրազդանի հիվանդանոցի բուժանձնակազմին հաջողվեց Աղավնաձոր գյուղի մոտակայքում` «Քվանտ» վարժարանի չշահագործվող հանգստի տան տարածքում, հայտնաբերել ՌԴ քաղաքացի, 37-ամյա Միխայել Շչուռին, ում այս պահին բժիշկները օգնություն են ցուցաբերում: Եւ չի բացառվում, որ նա ցրտահարված լինի, ինչի համար էլ երեւի անհրաժեշտություն կլինի նրան տեղափոխել Հրազդանի հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր