Պաշտոնյաներն այցելել են Ճամբարակի զորամաս
Հայոց բանակի զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորելու նպատակով նախօրեին Ճամբարակի զորամաս այցելեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Զորամասում հյուրերը հանդիպում ունեցան գնդի զինվորների հետ, տարեմուտի առթիվ ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր հղեցին նրանց, հույս հայտնելով, որ հայոց երկրի սահմաններն այսուհետ ևս նրանց շնորհիվ կմնան ամուր ու անառիկ:
Նախարարը և մարզպետը անմիջական զրույց ունեցան զինծառայողների հետ: Վերջիններիս շարքերում քիչ չէին նաև սփյուռքից ծառայության անցած երիտասարդները, ովքեր հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվության մղումով կատարում են իրենց հայրենասիրական պարտքը: Նախարարը և մարզպետը շրջեցին զորանոցում, ծանոթացան զինվորների կացարանային պայմաններին, այնուհետև ծաղիկներ դրեցին Վահան գյուղի պաշտպանական դիրքերում զոհված 16 ազատամարտիկների շիրիմներին:
Նախատոնական այցը շարունակվեց Վահան գյուղի սահմանապահ ուղեկալում, հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: