Սեպտեմբերի 1-ի առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալներն ու քաղաքապետարանի պաշտոնյաներն այցելել են մայրաքաղաքի դպրոցներ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվել է տոնական միջոցառումներով: Մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար այլ անձինք: Բոլոր միջոցառումները մեկնարկել են Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ:
Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Գևորգ Չաուշի անվան 188 դպրոցում նոր ուսումնական տարվա բացման առթիվ կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ Կամո Արեյանը փոխանցել է քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոց՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր, շնորհավորել անձնակազմին և ընդգծել կրթօջախի կարևոր դերն ու առաքելությունը:
Հակոբ Օշականի անվան համար 172 դպրոց են այցելել և աշակերտական ու մանկավարժական անձնակազմերին շնորհավորել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ու Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը:
Գիտելիքի օրվա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ ներկա է գտնվել մայրաքաղաքի թիվ 181 դպրոցի առաջին զանգի միջոցառմանն ու շնորհավորելով դպրոցականներին՝ բարի երթ ու հաջողություններ մաղթել նոր ուսումնական տարում:
Մայրաքաղաքի համար 174 հիմնական դպրոց է այցելել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և փոխանցել օրվա առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքները:
Առաջին զանգի հանդիսավոր արարողությունից հետո ուսուցիչներն առաջինցիներին ուղեկցել են դասարաններ և անցկացրել 2017-2018 թվականների ուսումնական տարվա առաջին դասը: