211652_close_icon
views-count1488 դիտում article-date 14:51 08-12-2014

Թշնամություն անելով՝ խոչընդոտում են դատապարտյալի բուժմանը

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ով ներկա պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, առողջական խնդիրներ ունի: Դատապարտյալի կին Կարինե Հակոբյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ամուսինը՝ Արտակ Հակոբյանը, նշված հիմնարկում 2014 թվականի դեկտեմբերի 2-ին մասնագետ Վ. Միրախորյանի կողմից զննվել է, որի արդյունքում ախտորոշվել է անգինա, քթի միջնապատի թեքում, քթի պոլիպոզ, քթային շնչառության իջեցում, ուստի անհրաժեշտ է իրականացնել քթի եւ հարակից խոռոչների կատե հետազոտություն: Ըստ Կ. Հակոբյանի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխավոր բժիշկ Ռաֆայել Միքայելյանն ասում է, որ դեկտեմբերի 4-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին գրություն են ուղարկել, որպեսզի թույլատրվի Ա. Հակոբյանին 2 ժամով տանել կատե հետազոտման քաղաքացիական հիվանդանոց, սակայն մինչ այժմ ՔԿ վարչության պետը թույլտվություն չի տվել: «Ամուսինս մայիս ամսին բուժում էր ստանում «Արմենիա» ԲԿ- ում: Մայիսի 28-ին՝ գիշերը ժամը 3-ին, ՔԿ վարչության պետի տեղակալ Մանվել Հարությունյանի գլխավորությամբ նրան առեւանգեցին հիվանդանոցից եւ ոչնչացրին հիվանդության բոլոր պատմագրերը եւ ախտորոշումները, այժմ էլ ամուսինս շնչահեղձ է լինում, սակայն նրան չեն տեղափոխում հետազոտման, որ վճարումներն էլ մենք պետք է կատարենք: Սպասում են՝ մարդը մահանա, նոր տեղափոխեն հետազոտման»,-ասաց Կ. Հակոբյանը: Կարինե Հակոբյանը խնդրանքով դիմում է ՀՀ նախագահին, որպեսզի անմիջական միջամտություն ունենա՝ այս խնդրին լուծում տալու համար: Նամակ-խնդրանքում ասված է. «Մեծարգո Նախագահ, համոզված եմ, որ խառնակիչ քրեակատարողական հիմնարկի ծառայողները որոշել են խոչընդոտել ամուսնուս հետազոտմանը եւ վիրահատությանը: Խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը: Այս անարդարությունների դեմ պայքարելով՝ մեր համբերության բաժակն արդեն լցվել է»:

Նմանատիպ նյութեր