Սաակաշվիլին կարող է զբաղեցնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը. Kyivpost
Բարձր օղակի մենեջերների որոնումով և ընտրությամբ զբաղվող միջազգային 2 հեղինակավոր ընկերություններ՝ «Pedersen & Partners»-ը և «Korn Ferry»-ը, Ուկրաինայի պետական բարձր պաշտոնների համար 185 հնարավոր թեկնածուներ են ընտրել, որոնցից շատերը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչներ են:
«Kyivpost»-ի փոխանցմամբ՝ 185 թեկնածուներից 24-ի թեկնածությունը լիովին համապատասխանում է Ուկրաինայում բարձր պաշտոններին: Ենթադրվում է, որ նրանցից 4-ն աշխատելու են Գյուղատնտեսության նախարարությունում, ևս 4-ը՝ Ֆինանսների նախարարությունում:
Թեկնածուների որոնման ֆինանսավորումն ապահովել է ամերիկյան The Renaissance Foundation ընկերությունը, որը պատկանում է ամերիկացի բարերար Ջոչջ Սորոսին: Ըստ թերթի՝ որումման աշխատանքներում ընկերություններին հատկացվել է 82,200 ԱՄն դոլար:
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ թեկնածուների մեջ շրջանառվում են նաև Վրաստանի մի շարք ներկայացուցիչների անուններ: Խոսքը, մասնավորապես գնում է Վրաստանի ՆԳ նախարարի նախկին առաջին տեղակալ Էկի Զգուլաձեի և Վրաստանի նախկին գլխավոր դատախազ և Արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի մասին:
«Kyivpost»-ը տեղեկացնում է նաև, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է զբաղեցնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը: