Գյումրի քաղաքում բացվել է Շիրակի մարզային համակարգողի գրասենյակ
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ 7/33 հասցեում այսօր՝ նոյեմբերի 10-ին բացվել է Շիրակի մարզային համակարգողի գրասենյակը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը շարունակում է իրականացնել որդեգրած մարզային քաղաքականությունը, որը նախատեսում է գրասենյակային տարածքներով ապահովել մարզերի գրասենյակներ չունեցող փաստաբաններին, ովքեր իրենց հերթին ամսական մեկ անգամ, անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն մարզի բնակիչներին: Նորաբաց գրասենյակում տեղակայվել են նաև հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները:
Շիրակի մարզում գործում է 38 փաստաբան, որոնցից 36-ը միայն Գյումրի քաղաքում:
Գյումրի քաղաքում 6 փաստաբաններ գրասենյակով ապահովված չեն և անհրաժեշտություն կար այդ փաստաբաններին գործունեություն ծավալելու հնարավորություն ստեղծել: Գրասենյակը ամբողջովին ապահովված է գրասենյակային կահույքով, համակարգիչներով՝ այսինքն հարմարավետ բոլոր պայմանները կան փաստաբաններին իրականացնելու բեղուն փաստաբանական գործունեություն՝ ի շահ իրենց պաշտպանյալների:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բացման իր խոսքում շնորհավորել է բոլորին գրասենյակի բացման կապակցությամբ և նշել է, որ փաստաբանների պալատը այդ քայլով ապահովում է փաստաբաններ հասարակություն կապը, ինչպես նաև իրավաբանական օգնություն տրամադրել մարզի սոցիալապես անապահով խավին: «Գրասենյակի բացման համար կարևոր է նաև փաստաբանների համախմբումը: Այս քայլը ուղղված է նաև փաստաբանների համախմբմանը: Մենք գիտենք, որ պետական մարմինների հետ շփման ժամանակ փաստաբանը երբեմն հայտնվում է պայմանական ասած զոհի դերում և որպեսզի մենք թույլ չտանք, որ փաստաբաններն այդպիսի խնդիրներ ունենան, համախմբվելու ենք փաստաբանի շուրջ և փորձելու ենք նրա խնդիրը լուծել, որն առնչվում է մասնագիտական գործունեությանը»,-նշել է Փաստաբանների պալատի նախագահը: