211652_close_icon
views-count1059 դիտում article-date 15:55 29-10-2014

Խաչատրյանական փառատոնը շարունակում է հյուրընկալել մեծահամբավ երաժիշտների

Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հերթական համերգը նվիրվելու է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու 110 և անվանի նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի 115-ամյակներին։ Հոկտեմբերի 30-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան ջութակահար Նին Ֆենը (Չինաստան), դիրիժոր, կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը (Չինաստան)։ Համերգային ծրագրում՝ Պյոտր Չայկովսկի՝ Տոնական նախերգանք՝ Դանիայի ազգային հիմնի թեմաներով (հայաստանյան պրեմիերա), Պյոտր Չայկովսկի՝ Ջութակի կոնցերտ, մենակատար՝ Նին Ֆեն (ջութակ/Չինաստան), դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Ֆու-Տոնգ Վոնգ՝ Սիմֆոնիա Condor Heroes (հայաստանյան պրեմիերա), դիրիժոր՝ Ֆու-Տոնգ Վոնգ (Չինաստան)։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում շարունակում են հյուրընկալվել աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ։ Այն ակտիվությունն ու միջազգային արձագանքը, որ կա փառատոնի շուրջ, արդեն իսկ խոսում է նրա հաջողված լինելու մասին։ Ասուլիսի ընթացքում կոմպոզիտոր, դիրիժոր Ֆու-Տոնգ Վոնգը նշեց, որ ուրախ է Երևանում հանդես գալ իր ստեղծագործությամբ։ «Շնորհակալ եմ Սերգեյ Սմբատյանին այդ հնարավորության համար։ Արդեն ունեցել եմ երկու փորձ նվագախմբի հետ։ Իհարկե, եղել են աշխատանքային բանավեճեր, սակայն նվագախումբը հիանալի է նվագում։ Condor Heroes սիմֆոնիան գրված է նովելի հիման վրա, որը նկարագրում է և՜ պատերազմական իրավիճակներ, և՜ սիրո պատմություն»,- նշեց Ֆու-Տոնգ Վոնգը։ Նա նկատեց, որ Հայաստանը գեղեցիկ և խաղաղ երկիր է։ Ֆու-Տոնգ Վոնգը ասաց նաև, որ հայկական երաժշտությանը ծանոթ է մանկուց։ Վերջինս դասավանդում է ԱՄՆ-ում և բազմաթիվ անգամներ իր աշակերտներին սովորեցրել է Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք իրեն շատ հոգեհարազատ են։ Ջութակահար Նին Ֆենը երրորդ անգամ է Հայաստանում. առաջին անգամ ելույթ է ունեցել Վ. Սպիվակովի ղեկավարած նվագախմբի, երկրորդ անգամ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Նին Ֆենը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ 2006թ. հաղթել է Պագանինիի անվան միջազգային մրցույթում։ Երաժիշտը խոստովանում է, որ եղել են նաև մրցույթներ, որտեղ պարտություն է կրել։ «Մրցույթները ոչ միայն մասնակցել-հաղթելու, այլև փորձառություն ձեռք բերելու համար են։ Ինքս շատ մեծ գիտելիքներ եմ ստացել ոչ թե այն մրցույթներից, որտեղ հաղթել եմ, այլ հենց նրանցից, որտեղ ոչ մի մրցանակ չեմ ստացել։ Մրցույթների մասնակցության առումով ինձ համար շատ կարևոր է սովորելու գործընթացը»,- ասաց ջութակահարը։ Խոսելով Արամ Խաչատրյանի մասին, Նին Ֆենը նշեց, որ նրա ստեղծագործությունները ճանաչում են ամենուր։ Արամ Խաչատրյանից բացի, նա առանձնացրեց կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի գործերը, ով Արամ Խաչատրյանի զարմիկն է։ Նին Ֆենը կարևորեց միջմշակութային հաղորդակցությունը, տարբեր երկրների երաժիշտների համագործակցությունը, որից ծնվում են նոր գաղափարներ։ Աշխարհում մեծ ճանաչում ունեցող ջութակահարը նշում է, որ աշխատել է տարբեր նվագախմբերի հետ, սակայն առանձնահատուկ ոգևորությամբ է նվագում Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ. «Հայաստանի երիտասարդական նվագախմբի երիտասարդ երաժիշտներն այնպիսի մեծ կամք ու ցանկություն ունեն ստեղծելու նորը, որ շատ հաճելի ու մոտիվացնող է նրանց հետ աշխատանքը։ Ես հպարտ եմ, որ այդ տարիքում Սերգեյ Սմբատյանը կարողացել է Հայաստանում իրականացնել նման մեծ ծավալի աշխատանք»։

Նմանատիպ նյութեր