58447 դիտում
16:10 30-09-2014
Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է կրակոցների հետևանքով վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, իսկ դեպքի վայրում՝ «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհին կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանի, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները:
Այս պահին դեպքի վայրում ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետներն առգրավում են դեպքի վայրում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 7-ից ավելի պարկուճները:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից են արձակվել կրակոցները: Ներկա պահին ոստիկանությունը պարզում է, թե արդյոք կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ կան, թե ոչ:
***
16:24
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն այս պահին հայտնաբերել են Range Rover մակնիշի 10 NՏ 100 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան կրակոցների մի քանի հետքեր: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, հանցագործությունը կատարած անձինք արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակել են նշված ավտոմեքենայի վրա ու դիմել փախուստի: Բարեբախտաբար Range Rover-ի վարորդը ճիշտ է կողմնորոշվել, կարողացել է խույս տալ «բաշիբոզուկներից», տեղի չի ունեցել վթար: Այս պահին մեքենան կայանված է Range Rover-ի վարորդի տան մոտ:
Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են 5-ից ավելի կրակոցի հետքեր: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ ոստիկանությունն արդեն հետախուզում է հայտարարել արտասահմանյան համարանիշներով Toyota Prado մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ: Չի բացառվում, որ նրա մեջ գտնված մարդիկ այլ զենք ու զինամթերք ևս ունենան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Range Rover ավտոմեքենան պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան մի սպայի եղբորը, ով նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, այնուհետ զբաղեցրել փոխնախարարի պաշտոն: Պարզվել է նաև, որ Range Rover-ի վարորդը հրազենային վնասվածք է ստացել:
***
17:20
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ արդեն ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Հայկ Ավագյանի գլխավորությամբ, ովքեր մինչև նշված վայրը ժամանելը քննչական գործողություններ էին կատարում կրակոցների վայրում:
Դեպքի առնչությամբ քննիչ Վարդան Բադալյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+