115317 դիտում
23:30 17-10-2019
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, իսկ 2 ավտոմեքենաների վրա կան կրակոցների հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալներ, արդարադատության փոխգնդապետ Վահե Լաչինյանի և արդարադատութան փոխգնդապետ Հարություն Բաղմանյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ։
Կրակոցների արդյունքում վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի 34 VT 581 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 OA 816 համարանիշի ավտոմեքենաների կողային ապակիները։
Այս պահի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել, թե արդյո՞ք հիվանդանոցներ վիրավորում ստացած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ։
Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները։
Փաստի առթիվ Ավան և Նորք Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+