Իսպանիայի իշխանությունները պատրաստվում են հայց ներկայացնել ՍԴ՝ կապված Կատալոնիայի անկախության հանրաքվեի հետ
Իսպանիայի իշխանությունները հայց են պատրաստել Սահմանադրական դատարան ներկայացնելու համար, որն առնչվում է Կատալոնիայի անկախության մասին հանրաքվե անցկացնելու հրամանի օրինականությանը: Այս մասին հայտնում է El Pais-ը՝ վկայակոչելով Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին:
Վերջինիս խոսքերով՝ նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե նշանակելը հակասում է Իսպանիայի սահմանադրությանը: Ընդգծվում է, որ այն բանից հետո, ինչ ՍԴ-ը կընդունի կառավարության հայցը, 5 ամսով կսառեցվեն հարցումների մասին օրենքն ու հանրաքվեի մասին հրամանը:
Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը, ով տարածաշրջանում նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին հրամանը ստորագրել է սեպտեմբերի 27-ին, հուսով է, որ ՍԴ-ն ամեն դեպքում թույլ կտա Կատալոնիայում անցկացնել հանրաքվե: