Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի, գրքի և դպրության օրվա առիթով նախատեսվում են մի շարք միջացառումներ և այցելություններ
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի, գրքի եւ դպրության օրվա առիթով, ժամը` 09:00-ին Հայաստանի ազգային գրադարանում կբացվի «Հայոց հին ու նոր այբբենարանները» խորագրով գրականության ցուցադրություն, որտեղ կներկայացվեն տարբեր ժամանակաշրջաններում հրատարակված հայոց այբբենարանները: Կտրվեն տեղեկություններ Աբգար Դպիր Թոխաթեցու կողմից 1567թ. Կ. Պոլսում հրատարակված հայերեն առաջին հնատիպ տպագիր այբբենարանի` «Փոքր քերականություն կամ այբբենարանի» վերաբերյալ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը` 09:00-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կբացվի «Գիտելիքը ուժ է» խորագրով ցուցադրությունը: Կներկայացվեն գիտության տարբեր բնագավառներին նվիրված գրքեր:
Սեպտեմբերի 1-ին, ժամը` 14:00-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կներկայացվի «Գիտության հաղթանակը» խորագրով թատերականացված բեմադրությունը: Կլինեն նաեւ գիտությանը նվիրված այլ անդրադարձներ` կրտսեր և միջին տարիքի դպրոցականների մասնակցությամբ:
Միջոցառումների նպատակը նոր ուսումնական տարվա սկիզբը դպրոցականների համար տոն դարձնելը, ուսման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է:
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի, գրքի եւ դպրության օրվա առիթով Երևանի պարարվեստի պետական քոլեջ կայցելի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, իսկ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Չայկովսկու անվան երաժշտական դպրոց կայցելի ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը: