211652_close_icon
views-count1579 դիտում article-date 16:24 04-10-2026

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» բժիշկներին հաջողվել է կայունացնել Երևանում՝ Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած 23-ամյա տղայի վիճակը. քրեական ոստիկանները և քննիչները պարզել են, որ նա նույն փողոցի բնակիչ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները ու ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները պարզել հոկտեմբերի 2-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան փողոցից հրազենային վնասվածքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ տեղափոխված վիրավորի ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը նույն փողոցի բնակիչ 23-ամյա Գոռ Հ.-ն է, ում վիճակը նախ Երևանի 103 շտապօգնության բժիշկների, ապա «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել կայունացնել, սակայն այս պահին նա դեռ ի վիճակի չէ դեպքի մասին քննիչին բացատրություն տալու։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 2-ին կրակոցներ էին հնչել Երևանում, ինչի հետևանքով կար վիրավոր։ Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ էր տեղափոխել մի տղամարդու։

Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը հրազենային վնասվածք էր ստացել աջ ազդրի հատվածում։

Հիվանդանոց էին մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության օպերատիվ խումբը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում էր վիրահատարանում։ 

Քրեական ու համայնքային ոստիկանները պարզում էին դեպքի վայրը, որտեղ էր նա հրազենային վնասվածք ստացել, նրա ամբողջական տվյալները և ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, 8 կրակված պարկուճ և «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի հետքեր։

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ «Mercedes»-ի սեփականատերը միջադեպի հետ կապ չուներ, պարզապես նա ավտոմեքենան կայանել էր բակում, որոշ ժամանակ անց տեղեկացել էր, որ կրակոցների հետևանքով այն նույնպես վնասվել էր։

Ժամանել էին Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի պետի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր