211652_close_icon
views-count1873 դիտում article-date 21:49 04-10-2026

Ավտովթար՝ Արարատի մարզում. Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, որոնք հայտնվել են դաշտում. 3 վիրավորներին առաջինն օգնության է հասել Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենը՝ մեկի պարանոցին ամրացնելով իր մոտ պահվող ֆիքսատորը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և այդ պահին վթարի վայրով անցնող Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Հարությունյանը, ապա ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են հիվանդանոց։

Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը մինչ «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների ժամանումը վիրավորներից 3-ին տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, իսկ վիրավորներից մեկի պարանոցին ֆիքսատոր է ամրացրել, որը նա պահում էր իր ավտոմեքենայում, ապա ժամանած շտապօգնության բժիշկների, քաղաքացիների ու պարեկների հետ վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, «BMW»-ն էլ կողաշրջվել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի 
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր