211652_close_icon
views-count6070 դիտում article-date 08:30 05-10-2026

Կրակոցներ` Կոտայքի մարզում. ստահակը չի ենթարկվել պարեկի «կանգառ» օրինական պահանջին, ինչից հետո կրակոցներ է արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ

Այսօր` հոկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս տեղեկություն են ստանում, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչից հետո պարեկները պարզում են նրա երթուղին և տեսնելով ավտոմեքենան, «կանգառ» ազդանշան են տալիս, սակայն վարորդը չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակները ոչ միայն շարունակում են դիմել փախուստի, այլ նաև ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակում պարեկների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու պարեկ վիրավորում է ստանում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի մարզի պարեկները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի և Չարենցավանի համայնքային ոստիկանների հետ, կարողանում են հայտնաբերել նշված ավտոմեքենան և վարորդին ու ուղևորին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանություն, ավտոմեքենան էլ տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ, նրանք Կոտայքի մարզի բնակիչներ են։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր