211652_close_icon
views-count1998 դիտում article-date 11:26 01-09-2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Կրթության ու գիտության հանդեպ սերը առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում, ուժ ու զորություն՝ դժվարություններ հաղթահարելու, նորանոր իրագործումներ արձանագրելու: Մեր երկրի զարգացումը, մեր երազած հայրենիքի կառուցումը հնարավոր է միայն ուսյալ, կրթված սերունդների շնորհիվ, որոնք առ Աստված ապավինությամբ պիտի շարունակեն մեր ժողովրդի կյանքը հարստացնել ու բարեզարդել իրենց հոգու ու մտքի արարումներով, իրենց ստեղծած գիտական, հոգևոր ու մշակութային արժեքներով: Կրթության ու գիտության նվաճումներով, համախումբ ջանքերով կրթական գործին սատարելով հնարավոր պիտի լինի մեր պետության ու ժողովրդի առջև սկիզբ առած վերափոխումների նոր պայմաններում ընթանալ առաջադիմության ու զարգացման անհետադարձ ճանապարհով: Աղոթում ենք, որ Բարձրյալ Տիրոջ օրհնության ներքո ուսումնական տարին զարդարվի բազում հաջողություններով ու ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկրի ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի: Թող Աստված ապավեն լինի կրթական գործի նվիրյալներին ու կրթական հաստատությունների բոլոր սաներին: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ողորմությունը թող լինեն ամենքի հետ. ամեն»,-ասված է կաթողիկոսի ուղերձում:

Նմանատիպ նյութեր