211652_close_icon
views-count931 դիտում article-date 15:58 04-10-2026

Ստորության ու խոշոր չափերի խարդախության դեպք՝ Երևանում․ 68-ամյա տղամարդը, ըստ քննության, դատարանում սուտ տեղեկություններ է հայտնել մոր մասին, նրան մահացած ճանաչելուց հետո բնակարանի մասնաբաժինը գրանցել է իր անվամբ

Սեպտեմբերի 23-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 504-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ տեղեկությունների՝ Երևանի բնակիչ 68-ամյա Գրիգոր Մ․-ն, նպատակ ունենալով խաբեության եղանակով հափշտակել իր մորը՝ Երևանի բնակիչ 88-ամյա Մարգո Գ․-ին պատկանող՝ Շենգավիթ վարչական տարածքում գտնվող բնակարանի խոշոր չափերի՝ 2 մլն 897 հազար 177 ՀՀ դրամ արժեքով մասնաբաժինը, քաջատեղյակ լինելով մոր՝ ողջ լինելու և նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև պարբերաբար շփվելով վերջինիս հետ, ձեռնամուխ է եղել խարդախության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ տղամարդը այդ նպատակով 2019 թվականի օգոստոսի 21-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ մոր գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառաբանությամբ՝ վերջինիս մահացած ճանաչելու պահանջով, որպեսզի կարողանա տնօրինել վերը նշված հասցեի բնակարանի՝ Մարգո Գ․-ին պատկանող մասնաբաժինը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դատարանում տղամարդը սուտ ցուցմունք է տվել, որ 2002 թվականից տեղեկություններ չունի իր մոր գտնվելու վայրի մասին, վստահ է, որ վերջինս անհայտ վայրում և անհայտ պայմաններում մահացել է։ Դատարանի կողմից կայացվել է վճիռ՝ Մարգո Գ․-ին մահացած ճանաչելու մասին, որից հետո 2020 թվականին վերը նշված հասցեի բնակարանի՝ Մարգո Գ․-ին պատկանող մասնաբաժինը տղամարդը գրանցել է իր անվամբ՝ այդ կերպ, ըստ քննության, խարդախությամբ հափշտակելով խոշոր չափերի՝ 2 մլն 897 հազար 177 ՀՀ դրամ արժեքով մասնաբաժինը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր