211652_close_icon
views-count1718 դիտում article-date 09:25 25-07-2014

Դրամի ուժեղացման դեմ պայքարը շարունակվում է․ ՀԱ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Տարեսկզբին արձանագրված լարվածությունից հետո վերջին մեկուկես-երկու ամիսներին արժութային շուկայում թուլացել է տարադրամային ճնշումը։ Առաջարկի ավելացման եւ մի շարք այլ գործոնների հետեւանքով դոլարի գինը նվազում է։ Թեեւ Կենտրոնական բանկը այդ ընթացքում հասցրել է շուկայից զգալի քանակության տարադրամ ներքաշել՝ թուլացնելով ճնշումը արժեզրկման ուղղությամբ, այնուհանդերձ դա չի խանգարում, որ ազգային արժույթը ամրապնդվի։ Ընդ որում՝ ինչպես դոլարի, այնպես էլ մյուս հիմնական արժույթների նկատմամբ։ Այսօր արդեն փոխանակման կետերում դոլարը գնվում եւ վաճառվում է 405-407 դրամով։ Առք ու վաճառքի տարբերությունը վկայում է, որ շուկայում ի հայտ եկած սպասումները դեռեւս պահպանվում են։ Ի դեպ, դրանք բացառապես նվազման ուղղությամբ են։ Այդ են վկայում նաեւ արժութային բորսայում իրականացվող գործարքները։ Մասնավորապես անցած օրվա սակարկությունների ժամանակ դոլարի գինը դարձյալ 0,5 կետով նվազեց։ Եթե սակարկությունների սկզբին ամերիկյան արժույթն առաջարկվում էր 407 դրամով, ապա արդեն օրվա վերջում այն նվազեց 406,5-ի։ Սակայն նույնիսկ այդ գնով դոլարը դադարեց պահանջարկ վայելել։ Գնորդները պատրաստ էին դրա համար վճարել 406 դրամ։ Արժութային բորսայում դոլարի գինն անընդմեջ նվազում է վերջին հինգ-վեց սակարկությունների ընթացքում։ Թեեւ պետք է ասել, որ Կենտրոնական բանկի միջամտության հետեւանքով բավական սահուն է ընթանում։ Հուլիսի 11-ից հետո ամերիկյան արժույթը էժանացել է գրեթե 2 նիշով։ Ընդ որում, դա տեղի է ունեցել բորսայական ակտիվ գործարքների շրջանում։ Մի բան, որ պայմանավորված է Կենտրոնական բանկի մասնակցությամբ։ Միայն անցած շաբաթվա ընթացքում ԿԲ-ն արժութային շուկայում գնեց ավելի քան 12,2 մլն դոլար։ Սա մեկշաբաթյա հատվածում տարադրամի մեծ ծավալի ներքաշում է։ Սակայն, դրանով հանդերձ, դոլարի գինը շարունակեց նվազել։ Միտումը պահպանվում է նաեւ այս շաբաթվա ընթացքում։ Բորսայում իրականացվող գործարքների ծավալը վկայում է, որ դրանց մասնակցում է նաեւ Կենտրոնական բանկը։ Նման միջամտություններից հետո սովորաբար շուկան մեկ-երկու օր կայունանում է, բայց դրանից հետո ճնշումը անկման ուղղությամբ վերսկսվում է։ Պետք է ենթադրել, որ դա երկար չի շարունակվի։ Հազիվ թե կարելի է կարծել, որ Կենտրոնական բանկը թույլ կտա, որ դրամի ամրապնդումն ավելի խորանա։ Առավել եւս, որ բանկը հնարավորություն ունի ինչ-որ չափով վերականգնել տարեսկզբին կորցրած տարադրամը։ Ինչպես հայտնի է, փետրվար-ապրիլ ամիսներին դրամի կտրուկ արժեւորումը կասեցնելու համար Կենտրոնական բանկը ստիպված եղավ արժութային բորսայում արտաքին պահուստներից շուրջ 120 մլն դոլար վաճառել։ Այժմ ստեղծվել են պայմաններ այն վերականգնելու համար։ Մի բան, որ ԿԲ-ն փորձում է անել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր