211652_close_icon

Երևանում հիվանդանոց տեղափոխված վիրավորը, ում կյանքը փրկվել է «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների կողմից, հայտնել էր, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով. Էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, ով ՀՀ ՊՆ սպա է

views-count5110 դիտում article-date 11:37 03-09-2025
Օգոստոսի 31-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, հիվանդանոց տեղափոխվածն էլ Երևանի բնակիչ 29-ամյա Արսեն Վ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախից՝ կրծքավանդակի շրջանում կտրած և ծակած վերքեր» ախտորոշմամբ և հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը աստիճաններից վայր ընկնելու հետևանքով։

Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է բժիշկներին, Էրեբունու համայնքային ոստիակնները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորի կողմից հիվանդանոցում հայտնած տեղեկությունը՝ վայր ընկնելու հետևանքով վնասվածք ստանալու մասին, իրականությանը չի համապատասխանում։

Էրեբունու համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Էդուարդ Վ.-ն և հիվանդանոց տեղափոխվածը Նոր Արեշի իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ Էդուարդ Վ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի որովայնի և ազդրի շրջանում։

Արդեն տեղում ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները պարզում են կասկածյալի գտնվելու վայրը և բացատրական աշխատանքների արդյունքում վերջինը ներկայանում է ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորն ու նրան դանակահարածը հարազատ եղբայրներ են, իսկ դանակահարողը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում՝ որպես դասակի հրամանատար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր