1247 դիտում
20:52 02-07-2014
Վարչապետը շնորհավորել է Ամերիկայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 238-րդ տարեդարձի առթիվ: Իր շնորհավորական ուղերձում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ, պարոն դեսպան, և հանձինս Ձեզ՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:
Այն վեհ գաղափարները, որոնք ԱՄՆ հիմնադիր հայրերը հռչակեցին 238 տարի առաջ, այսօր էլ ուղեցույց են ժողովրդավարությանը, արդարությանը և օրենքի գերակայությանը ձգտող աշխարհի բազմաթիվ երկրների համար: Մենք ուրախ ենք, որ ի դեմս Միացյալ Նահանգների ունենք հուսալի գործընկեր, որի հետ կիսում ենք բազմաթիվ արժեքներ և իդեալներ։
Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեր երկրների միջև հաստատվել և ամրապնդվել են բարեկամության ամուր կապեր: Վերջին մի քանի տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացել են որակապես նոր մակարդակի: Մենք շնորհակալ ենք Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը մշտապես ցուցաբերվող աջակցության համար և պատրաստ ենք ամբողջությամբ օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք մեզ ընձեռում է բազմաբնույթ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։
Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կուզենայի հատկապես նշել տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը, որի գործունեության շնորհիվ փոխգործակցության նոր հեռանկարներ բացվեցին Հայաստանի առաջխաղացման համար: Հավատացած եմ, որ առաջիկա տարիներին համագործակցության ամրապնդման գործում մենք կարձանագրենք նորանոր հաջողություններ:
Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև յուրովի կամուրջ են հանդիսանում հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման և համգործակցության զարգացման գործում:
Անկախության օրվա առիթով մեկ անգամ ևս շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում այստեղ գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, հետագա առաջընթաց և բարեկեցություն մաղթում Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին»:
Վարչապետն այնուհետև մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
829 դիտում
17:05 24-08-2024
Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ
844 դիտում
22:06 25-08-2024
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուրուգվայի ժողովրդին և կառավարությանն Անկախության օրվա առթիվ
730 դիտում
14:05 21-09-2024
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին
Այս բաժնից
499 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
997 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1123 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի