211652_close_icon
views-count974 դիտում article-date 14:05 23-06-2014

Եղվարդում հերթական ջրաշինարարական ծրագիրն է իրականացվում. ֆոտո

Վերջերս ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ջրամատակարարման դադարեցման մասին: Պատճառը Կարբի համայնքի վարչական տարածքում` Արային լեռան լանջին` այգիների մեջ, Ապարան-Երևան ջրատարից դեպի Եղվարդ ձգվող 500 մմ տրամագծով ջրատարի վրա անհայտ անձի կողմից կատարված ապօրինի միջամտությունն էր: Կենարար հեղուկը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով` մատակարարվող ջրի առնվազն 15%-ն արտահոսում էր: Դա էլ, բնականաբար, ազդում էր բնակավայրի առանց այդ էլ ոչ բարվոք ջրամատակարարման վրա: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ընկերության ՙԱրևմուտք՚ շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասի մասնագետները ստիպված էին 24 ժամով դադարեցնել քաղաքի ջրամատակարարումը: Ցավոք, նման դեպքեր համակարգում պատահում են: Հատկապես ամռանը: Իհարկե, ընկերությունը միջամտում է, իրավիճակը շտկում, սակայն մինչ այդ միջադեպի հետ կապ չունեցող հարյուրավոր ու հազարավոր սպառողներ են տուժում: Տվյալ դեպքում, օգտվելով առիթից՝ Եղվարդում նշված տեղամասի կողմից կատարվեց ևս մեկ անհետաձգելի աշխատանք: Դիտահորերից մեկում հին, չաշխատող փականը փոխարինվեց նորով, որի շնորհիվ հնարավոր դարձավ դադարեցնել դեպի թաղամասերից մեկը ավելցուկային ջրի հոսքը, ուղղելով այն դեպի մեկ այլ թաղամաս: Իսկ դա կարևոր հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ ներկայումս այստեղ ջրամատակարարման բարելավումը մնում է համար մեկ խնդիրը: Ընդհանրապես վերջին տարիներին քաղաքում այս նպատակով մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Իրականացված 5 ներդումային ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 113 մլն դրամ: Այնուամենայնիվ, անելիք դեռ շատ կա: Եղվարդը մնում է ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ սպասարկման տարածքի թերևս ամենախնդրահարույց բնակավայրը: Ընթացիկ տարում այստեղ մեկնարկել է հերթական ծրագիրը, որի շրջանակներում Շիրակի փողոցում կապալառու՝ ՙԳավաթ՚ ՍՊԸ-ի կողմից նոր ջրագիծ է կառուցվում: Որքան էլ տարօրինակ է, բայց այստեղ ջրի խնդիր չկա: Կա բաշխիչ ցանցի կառավարելիության խնդիր: Օրինակ, նշված փողոցը մեկի փոխարեն ունի երկու ջրագիծ: Բայց երկուսն էլ փողոցն ի վար ձգվելու փոխարեն, անհասկանալի տրամաբանությամբ, անցնում են բնակիչների հողամասերով: Իսկ հողամասերը բոլորովին էլ փոքր չեն, և իրենցից ներկայացնում են լավ մշակված պտղատու այգիներ ու բերքառատ բանջարանոցներ: Փողոցի առաջին տները ՙլողում են՚ ջրի մեջ, իսկ վերջիններին այն գրեթե չի հասնում: Ակնհայտ է, որ բնակիչները, չնայած տարածքում ոռոգման խոշոր ջրանցքի առկայությանը, գերադասում են հողատարածքները ոռոգել խմելու ջրով: Գումարած՝ հին ու մաշված խողովակները, ինչն իր հերթին ջրի լրացուցիչ կորստի է հանգեցնում: Սակայն արդեն առաջիկայում այս ամենին վերջ կդրվի: Շիրակի փողոցում վերջերս ավարտված աշխատանքների առաջին փուլում կառուցվել է 470 գծամետր նոր ջրագիծ, 5 դիտահոր` փականային հանգույցով և ևս 47 ջրաչափական հոր` փողոցի մասնավոր տնատիրությունների համար: Որպես այս ամենի շարունակություն` ներկայումս՝ երկրորդ փուլում հողամասերով անցնող երկու հին խողովակները փոխարինվում են մեկ` 260 մետր երկարություն և 315 մմ տրամագիծ ունեցող ջրագծով: Բնակիչներն էլ կապահովվեն ջրաչափական հորերով: Հնարավոր է նաև երրորդ փուլ, որն իր ավարտին կհասնի թերևս աշնանը: Նոր կառուցվող ջրագիծը ՙկթռչի՚ ոռոգման ջրանցքի վրայով և կգնա միանալու տեղի օրվա կարգավորիչ ջրամբարին: Արդեն կատարվել է ավելի քան 80 մլն դրամի աշխատանք: Ընդ որում, դատելով վերջինիս արագացող տեմպերից, ծրագրի ավարտին այդ գումարը զգալիորեն կավելանա: Օրերս ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը տեղի շահագործման և իրացման ծառայությունների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի նպատակը առկա խնդիրների լուծումն է: Առաջադրանք տրվեց հետևել ջրի շարժին՝ ջրամբարից մինչև ծորակ, ստուգել դիտահորերը, փականային համակարգը, ջրաչափերը, հաշվառել ջրի սպառումը, վերացնել ապօրինությունները: Այլապես հնարավոր չի լինի բավարարել պահանջարկը: Մոտ 95 լիտր ջուր վայրկյանում՝ սա մի քանակ է, որը զգալիորեն գերազանցում է Եղվարդի նման բնակավայրի կարիքները: Մինչդեռ քաղաքում գործում է ջրամատակարարման նվազագույն գրաֆիկ: Ընդհանուր շահը պահանջում է իրավիճակի շուտափույթ շտկում: Ընկերությունն իր մասով անում է հնարավոր ամեն ինչ, ակնկալելով քաղաքապետարանի գործուն օգնությունն ու բնակիչների ակտիվ աջակցությունը: «Երևան Ջուր» ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր