1366 դիտում
22:04 26-05-2014
Բացվեց Ալավերդու բժշկական կենտրոնը
ՀՀ Լոռու մարզի Ալավերդու արդիականացված և հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, այլ պաշտոնյաներ:
Ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Ալավերդու ու հարակից բնակավայրերի ազգաբնակչությանը մատուցել որակյալ բժշկական ծառայություններ հենց տեղում:
«Սիրելի ալավերդցիներ, Համաշխարհային բանկի հարգարժան ներկայացուցիչներ, այսուհետ բարձրորակ բժշական ծառայությունների համար ալավերդցին չի հասնի մայրաքաղաք», -նշեց Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ հիվանդանոցի նոր պայմաններն ամբողջովին համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Նախարարը շեշտեց, որ մարզերի համաչափ զարգացումը Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կարևոր բաղադրիչներից և առողջապահության նախարարության ռազմավարական ուղղություններից մեկն է:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ այսօր հիշարժան օր է Ալավերդի քաղաքի համար, քանի որ բնակչությունը զգում էր նմանօրինակ բժշկական կենտրոնի անհրաժեշտությունը: Նախարարը հավաստիացրեց, որ մարզային առողջապահական ծրագրերը շարունակական բնույթ են կրելու, որովհետև առաջին հերթին դրանք նպաստում են հասանելիության գործակցի բարձրացմանը, ինչպես նաև համահունչ են երկրի ղեկավարի կողմից հռչակված մարզերի համաչափ զարգացման սկզբունքներին:
«Վստահ եմ, որ Ալավերդու բժշկական կենտրոնում ստեղծված ժամանակակից պայմանները էականորեն կբարելավեն բժշկական սպասարկման որակը, իսկ բուժաշխատողներն իրենց մասնագիտական պարտականությունները կկատարեն ավելի մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ»,- ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ մարզային հիվանդանոցների արդիականացումը շարունակելու է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ Սա վերաբերում է ոչ միայն շենքային պայմաններին, այլև տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը, եղած միջոցների արդյունավետ կառավարմանը, ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխմանը, անհաժեշտ նեղ մասնագետներով ապահովմանը և առկա մյուս խնդիրներին։ Միաժամանակ, նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրու , Վանաձորր հիվանդանոցների շինարարական աշխատանքները։
Արմեն Մուրադյանը շրջայց կատարեց նորաբաց բժշկական կենտրոնով, ինչպես նաև ականատեսը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնի և Երևանի «Արաբկիր» բժշկական կետրոնի միջև հեռակապի կիրառմանը, որը նախարարը գնահատեց, որպես համագործակցության լավ օրինակ, ինչը կարող է նպաստել որակյալ մասնագիտական խորհրդատվությանը և փորձի փոխանակմանը:
Նշենք, որ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում միավորվեցին Ալավերդու հիվանդանոցը, Ալավերդու ծննդատունը և Ալավերդու պոլիկլինիկան` ստեղծելով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ներկայումս ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում գործում է 60 մահճակալ հզորությամբ բազմապրոֆիլային բժշկական կենտրոն` թերապևտիկ, ներառյալ մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և տարափոխիկ բաժանմունքներով:
Ալավերդու բժշկական կենտրոնի արդիականացումը տեղի է ունեցել երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, հիմնանորոգվել է հիվանդանոցային մասնաշենքը, որտեղ տեղակայվել են թերապևտիկ, վիրաբուժական բաժանմունքները, ախտորոշիչ և պոլիկլինիկական ծառայությունների մի մասը: Շինարարական աշխատանքների համար իրականացվել է 195,720,921 ՀՀ դրամի ներդրում: Մասնաշենքի հագեցումը բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում` 188,311,481 ՀՀ դրամ դրամի չափով: Այնուհետև, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` որոշվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Հայաստանի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում` տնտեսված միջոցների հաշվին ընդգրկել Ալավերդու բժշկական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի հիմնանորոգումը:Ծրագրի շրջանակներում Ալավերդու բժշկական կենտրոնը հագեցվել է հավելյալ ժամանակակից բժշկա¬կան սարքավորումներով, որոնցից մի մասը առաջինն են ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Հիվանդանոցին տրամադրվել են նաև բժշկական կահույք ու պարագաներ:
Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ իրականացվել է 652,563,7 հազ.դրամի (շուրջ1,589.4հազ. ԱՄՆդոլար) ներդրում։
Նմանատիպ նյութեր
17337 դիտում
21:44 07-04-2017
Ալավերդու քաղաքապետը անակնկալ այցելեց Ալավերդու ծննդատուն. նա նվերներ հանձնեց ծննդկաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5386 դիտում
22:14 06-02-2016
Բացվեց Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը
Այս բաժնից
754 դիտում
18:50 14-11-2024
Շուտով ականատես ենք լինելու Նիկոլի ու Ալիևի երկար գիշերներին․ Հովհաննես Շահինյան. Hayeli.am
556 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
727 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին