211652_close_icon
views-count32033 դիտում article-date 20:59 10-11-2018

«Տաշիր» հիմնադրամի և Կարեն Կարապետյանի հովանավորությամբ Վանաձորում բացվեց նորակառույց բժշկական կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 10-ին, հանդիսավորությամբ բացվեց նորակառույց բժշկական կենտրոնը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Արշակ Հովսեփյանը, այլ պաշտոնատար անձինք, բժիշկներ, հյուրեր: Վանաձորի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքը կառուցվել է քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ծննդատան մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարեն Կարապետյանի աջակցությամբ, և հագեցվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ուղղակի վերահսկողության ներքո: «Այսօր շահագործման ենք հանձնում մարզային ևս մեկ, ժամանակի պահանջներին համապատասխան բժշկական հաստատություն: Այսօր իր դռներն է բացում Վանաձորի նոր բժշկական կենտրոնը, որը Լոռու մարզի մոտ 220 հազար, և մասնավորապես Վանաձորի 80 հազար բնակչությանը հնարավորություն կտա տեղում` իրենց բնակավայրին մոտ երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայություններ ստանալու: Սա նշանակում է, որ մարզի բնակչությունը կարող է ստանալ որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ առանց հասնելու մայրաքաղաք` խնայելով ժամանակը, կրճատելով ծախսերը»,- բացման խոսքում նշեց Արսեն Թորոսյանը, հավելելով, որ գերնպատակ է համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում, և սա հերթական քայլն է, որ որակյալ բուժօգնությունը հասանելի ու մատչելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն իր խոսքում ընդգծեց. «Մինչ ծրագրի սկսելը նախնական գնահատում էր արվել, հասկանալու համար, թե որն է նպատակահարմար՝ վերանորոգել հին մասնաշենքերը, թե կառուցել նոր բժշկական կենտրոն: Արդյունքում, թե՛ տնտեսապես, թե՛ առողջապահական հաստատություններին ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխանելու առումով՝ նպատակահարմար էր դիտվել նոր կենտրոնի կառուցումը: Այսուհետ շտապ օգնության, առողջության վերականգնման միջոցառումներն իրականացվելու են հարմարավետ, շահագործման համար անվտանգ և ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում»: Մարզպետ Ա.Ղուկասյանը շնորհավորեց Վանաձորի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին և բնակիչներին՝ մարզկենտրոնում այլևս բարձրակարգ բժշկական ծառայություններ ունենալու կապակցությամբ. «Տասնամյակներ շարունակ Վանաձորն ու վանաձորցին զրկված են եղել հարմարավետ պայմաններում բուժում ստանալու հնարավորությունից և հրաշալի է, որ ավելի քան 4 տարվա աշխատանքներից հետո, այսօր հնարավորություն ունենք վայելելու այս հրաշալի շենքը: Շենքի բացումը նախատեսվում էր մի փոքր ավելի վաղ, սակայն փաստաթղթային որոշ խնդիրների պատճառով այս իրադարձությունը մի փոքր հետաձգվեց: Այդ խնդիրների շուտափույթ լուծմանը ձեռնամուխ եմ եղել և՛ որպես մարզպետի տեղակալ, ապա նաև՝ որպես մարզպետ: Այժմ, երբ խնդիրներն անցյալում են, ուրախ ենք ձեզ ներկայացնելու եռահարկ, ժամանակակից լուծումներով, անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած կենտրոնը, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հիվանդների շուտափույթ բուժման և հարմարավետ կեցության համար: Վստահ եմ, որ այս կենտրոնը հարմարավետ պայմաններից զատ, նոր խոսք կասի ազգաբնակչությանը՝ մատուցվող ծառայությունների ընդլայնման, որակի և բուժանձնակազմի մոտեցումների և աշխատաոճի նորացման միջոցով: Մեր առաջնային պահանջը մարզի բուժհիմնարկներից պետք է լինի հիվանդների նկատմամբ բարեհամբույր մոտեցումը և բարձրորակ սպասարկումը»,- ասաց Ա. Ղուկասյանը՝ վստահեցնելով, որ ինքը, որպես մարզպետ, պատրաստ է բուժաշխատողների կողքին: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի անունից ներկաներին ողջունեց Սարգիս Կարապետյանը: Այնուհետև ներկաները շրջեցին բուժհաստատությունով՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին: Նորակառույց այս բարձրակարգ կենտրոնը բաղկացած է երկու մասնաշենքից՝ հիմնական (150 մահճակալ) և ծննդատան (40 մահճակալ), ընդհանուր ունի 190 մահճակալ հզորություն, վերազինվել է այնպիսի բժշկական սարքերով, որոնք նախկինում չեն եղել Լոռու մարզում: Օրինակ` կգործի անգիոգրաֆիայի բաժանմունքը` ժամանակակից անգիոգրաֆիկ սարքով, ինչը հնարավորություն է ընձեռում իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բժշկական միջամտություններ, նաև իրականացնելու ներերակային լազերային կոագուլացիա՝ վարիկոզ հիվանդության ու սուր թրոմբոֆլեբիտների բուժման նպատակով, որը քիչ տրավմատիկ է և ապահովում է հիվանդների արագ վերականգնումը: Առկա է նաև համակարգչային շերտագրման սարք, էլեկտրանեյրոմիոգրաֆ, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական և ստացիոնար սարքեր, նորածինների սիպապ: Եվ, որ ամենակարևորն է, ապահովել է վերապատրաստված ու բանիմաց մասնագետներով: Միաժամանակ, ամբողջովին արդիականացվել է հեմոդիալիզի բաժանմունքը՝ տրամադրվել են հեմոդիալիզի 15 սարք և ջրի մաքրման կայան: Նորաստեղծ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ընդհանուր ներդրումները կազմել են՝ 6,647.0 մլն դրամ: Շրջայցի ավարտին լրագրողների այն հարցին, թե ինչ ճակատագիր է ի վերջո սպասվում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցին, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ուզում եմ, որ բոլորը մեկընդմիշտ իմանան, որ որոշումներ կայացնելիս մենք առաջնորդվում ենք միմիայն պացիենտների շահերով, պահպանում ենք բոլոր սանիտարական նորմերը: Ընդամենը խոսքը գնում է քննարկումների մասին, տարբեր ծառայություններ ավելի լավ որակով մատուցելու մասին: Վերջնական որոշումը կկայացվի մաքսիմալ օպտիմալ ձևով:» Լրագրողներին հարցերին ի պատասխան՝ մարզպետը նշեց, որ առաջիկայում առողջապահության ոլորտին ուղղված բազմաթիվ այլ ծրագրեր ևս կիրականացվեն: Ծառայությունների առումով մարզպետը նշեց, որ դրանք ավելի մատչելի կլինեն, քան մայրաքաղաքում, ինչը կնպաստի, որ ավելի շատ հիվանդներ շահագրգռված լինեն բուժում ստանալու Վանաձորի բժշկական կենտրոնում, ինչ արդեն իսկ ակնառու է: «Ես՝ որպես մարզպետ, ամենօրյա ռեժիմով պետք է հետևեմ այս կառույցի գործունեությանը, և ուզում եմ վստահեցնել, որ կարճ ժամանակ անց արդյունքները տեսանելի կլինեն»,- ասաց Ա. Ղուկասյանը: Լուսանկարները` Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր