Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց գործարար եղբոր բիզնեսների շուրջ ստուգումներ իրականացնել
Քաղաքական գործիչների բարեկամները կարող են բիզնեսներ ունենալ: Այս մասին այսօր ՀՀԿ 15-րդ համագումարից առաջ արձագանքելով լրագրողների հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Բայց ինչու՞ չունենան: Ունենալը չի նշանակում օգտվել բարեկամի պաշտոնից եւ հարկային դաշտում չհայտնվել: Այդ ամենը պետք է տարանջատել: Ես մեղադրում եմ այն պաշտոնյային, ում որդին, եղբայրը կօգտվի նրա պաշտոնից եւ հարկային դաշտում չի հայտնվի: Դրա համար ես հանձնարարել եմ հատուկ ուշադրություն դարձնել այդ խնդրին: Ես սկսելու եմ իմ մերձավորներից: Միշտ հարց են տալիս՝ ինչու՞ հենց իմ, որովհետեւ իմ եղբայրը զբաղվում է գործարարությամբ, եւ թող ստուգեն՝ հարկերը թափանցիկ վճարու՞մ է, թե՞ ոչ: Եթե վարչապետի եղբորը ստուգում են, ինչու՞ նախարարներինը եւ մյուսներինը չստուգեն»,- ասաց նա: