211652_close_icon
views-count1869 դիտում article-date 13:14 20-05-2014

Հայաստանը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնին

Ս. թ. հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Մոսկվայում, Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ /փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա/: «Սերունդների մեղեդիներ» փառատոնին կմասնակցեն շնորհալի երեխաներ ԱՊՀ երկրներից /Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան, Ադրբեջան/ և արտերկրից. մենակատարները հանդես կգան դասական ստեղծագործությունների կատարումներով: Հայաստանից փառատոնին կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ Անդրեյ Կուրբետը /դաշնամուր, դասատու՝ Ելենա Սեդրակյան/: Անդրեյ Կուրբետը «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է /2013 թ./, Ջուզեպպե Տերրասիանոյի անվան միջազգային մրցույթի /2009 թ. Իտալիա/, «Ֆլամ» միջազգային մրցույթի /2010 թ. Ֆրանսիա/, Ա. Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթ-փառատոնի /2012 թ./ մրցանակակիր: Երիտասարդ դաշնակահարը փառատոնին կներկայանա Յ. Հայդնի, Ֆ. Մենդելսոնի, Ֆ. Շոպենի ստեղծագործությունների կատարումներով: «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

Նմանատիպ նյութեր