17186 դիտում
14:12 10-05-2014
Պռոշյան գյուղի տարածքում բախվել են Lexus-ն ու մարդատար «Գազել»-ը. «Գազել»-ը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում` «Կարիտաս» ՍՊԸ-ի դիմաց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում բախվել են Երևանի բնակիչ, 64-ամյա Սեյրան Սուսանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 2052S համարանիշի և Lexus մակնիշի 88 SD 888 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, Lexus-ի վարորդն ու «Գազել»-ի 4 ուղևորներ Պռոշյան գյուղի բնակիչների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Վահան Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը, ովքեր ճանապարհից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին: Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության օպերլիազոր Արսեն Ղայթմազյանի գլխավորությամբ: Վթարի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը: Սակայն մինչև այս պահը ապահովագրական ընկերության ներկայացուցիչները չեն ժամանել:
Ոստիկանությունը պարզում է Lexus-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Նշված «Գազել»-ը սպասարկում է թիվ 37՝ Քասաղ-Արգավանդ երթուղին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+