211652_close_icon
views-count1393 դիտում article-date 18:36 29-04-2014

Գրքի շնորհանդես` ՀՀ ԿԳ նախարարի և դեսպանների մասնակցությամբ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր տեղի է ունեցել Դանիելա Ռադութի "L'autre visage de la Roumanie, l'autre visage de la Corse" գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պարոն Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն, դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ և ուսանողներ: Նախարար Սրմեն Աշոտյանը, ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին, նշել է, որ վերոնշյալ միջոցառումն իրականացվում է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանատան նախաձեռնությամբ` այդ առիթով շնորհակալություն հայտնելով Ռումինիայի դեպանին և Հայաստան ժամանած գրքի հեղինակ Դանիելա Ռադութին: «Սա մեզ համար կրթության միջազգայնացման փոքր, բայց կարևոր երևույթներից մեկն է: Հայաստանը հանդիսանում է եվրոպական բարձրագույն տարածքի անբաժանելի, ամուր, հետաքրքիր անդամներից մեկը, և մեր բարձրագույն կրթության միջազգայնացումն այլընտրանք չունի: Միջոցառմանը դիվանագետների մեծ թիվը վկայում է, որ դիվանագիտական կորպուսը սիրում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Այս առիթով ցանկանում եմ տեղեկացնել, որ բուհի ուսանողներ դիմել են ՀՀ կառավարությանը, որպեսզի իրենց համալսարանի կարգավիճակը լինի ավելի լայն և հնարավորություն ընձեռի հումանիտար ոլորտում հետազոտություններ իրականացել: ՀՀ կառավարության այս շաբաթվա օրակարգում ներառված է բուհի` ավելի լայն հնարավորություններ տալու և ժամանակակից հումանիտար բուհի վերածելու հարցը»,-ներկաներին տեղեկացրել է Ա. Աշոտյանը: Բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը նշել է, որ գրքի շնորհանդեսն աննախադեպ իրադարձություն է, որի շնորհիվ էլ ավելի կամրապնդվեն բուհի և այլ երկրների միջև հարաբերությունները: Անդրադառնալով գրքի հեղինակին` տիկին Գասպարյանը նշել է, որ Դանիելա Ռադութն ունի ռումինական ծագում, ներկայումս ապրում և ստեղծագործում է Ֆրանսիանում` ֆրանսերեն լեզվով: «Հեղինակ, ով իր մասնագիտությամբ իրավաբան է, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնի է դարձել որպես գրող»,-նշել է ռեկտորը: ՀՀ-ում Ռումինիայի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարին` շնորհանդեսին ներկա գտնվելու, ինչպես նաև բուհին` այն հյուրընկալելու համար: «ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում ես նրան ասել եմ, որ ձեր երկրի ամենամեծ ռեսուրսը նրա խելացի ժողովուրդն է»,-նշել է դեսպանը` միաժամանակ շնորհակալություն հայտնելով գործընկեր դեսպանների` հրավերքն ընդունելու համար: Նշենք, որ շնորհանդեսի մասնակիցները շնորհավորել են նաև Արմեն Աշոտյանին` ԿԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` վերջինիս մաղթելով նորանոր հաջողություններ:

Նմանատիպ նյութեր