211652_close_icon
views-count3215 դիտում article-date 23:06 27-04-2014

Խուլիգանության հարացույց

Քրեական օրենսգրքի «Խուլիգանություն» հոդվածում գրված է, որ այն դիտավորությամբ հասարակական կարգը կոպտորեն խախտելն է, որն արտահայտվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Սակայն տեսականորեն հիմնավորված չէ, թե ի՞նչ է նշանակում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք: Կամ ի՞նչ է նշանակում հասարակության նկատմամբ բացահայտ հարգալից վերաբերմունք: Ովքե՞ր են սահմանում այդ հարգալից վերաբերունքը, և որտե՞ղ է այն դաստիարակվում. դպրոցո՞ւմ, ընտանիքո՞ւմ, մշակութային օջախո՞ւմ: Խուլիգանին երբեմն համեմատում են ցինիկի հետ: Ցինիզմի վերաբերյալ բառարանային բացատրությունը հետևյալն է՝ բացահայտ, հանդուգն, արհամարական վերաբերմունք ընդհանուր բարոյական նորմերի, արժեքների նկատմամբ: Կինիզնը հին հունական փիլիսոփայական դպրոց էր, որը խորհուրդ էր տալիս հրաժարվել պայմանականություններից, պարզեցնել կյանքը, սահմանափակել պահանջմունքները, և կենտրոնանալ սեփական բնության վրա: Այդ դպրոցի հիմնադրի մականունը «Շուն» էր: Այդտեղից էլ առաջացել է այդ դպրոցի անվանումը: Լատիներեն՝ ցինիզմ: «Մի շնացիր» պատվիրանը առնչություն չունի շան հետ որպես կենդանու: Այն կապ չունի նաև ամուսնական դավաճանության հետ: «Մի շնացիր» նշանակում է մի արհամարիր ու մերժիր մարդկային ընդհանուր բարոյական նորմերը: Դա ընդհանրական պատվիրան է, որը հորդորում է հարգալից վերաբերվել մարդկային արժեքներին, բարոյական նորմերին: Այլ կերպ ասած՝ խուլիգանություն մի արա: Ներկայում ընդհանուր արժեքներ չկան: Դրանք չեն դաստիարակվում կրթական հաստատություններում, չեն քարոզվում քարոզչական գործիքներով: Բազմիցս հայտարարվել է, որ պետության հիմքում համաեվրոպական արժեքներն են: Սակայն հասարակության չնչին մասն է այդ արժեքներին հարգանքով վերաբերվում: Մեծ մասը արհամարական վերաբերմունք ունեն դրանց նկատմամբ, և երբեմն դիտավորությամբ ոտնահարում են այդ արժեքները: Եվ ուրեմն, կարելի՞ է ասել, որ հասարակության մեծ մասը խուլիգան է, չի հարգում հիմնարար արժեքները: Իհարկե՝ ոչ: Ստացվում է անհասկանալի և բարդ իրավիճակ: Եթե հստակ սահմանված չեն հասարակական բարոյական նորմերը, չկան ընդհանուր հասարակական արժեքներ, ամեն մեկը շարժվում է իր հասկացողությամբ, զոռբայությամբ նպատակի հասնելը համարվում է ընդունելի, ապա հնարավոր չէ որևէ մեկին բնորոշել որպես խուլիգան: Այսպիսով, հասարակության մեծ մասը չեն ընդունում համաեվրոպական արժեքները՝ որպես հիմնարար արժեքներ: Եվ ուրեմն կարելի՞ է ասել, որ ովքեր իրապես հավատարիմ են համաեվրոպական արժեքներին, նրանք արհամարական վերաբերմունք են դրսևորում հարսարակության մեծ մասի, կամ որ նույնն է՝ հասարակության նկատմամբ: Այսինքն՝ խուլիգան են: Այս խճճված իրավիճակում մնում է հետևել հին հունական դպրոցի խորհրդին. հրաժարվել պայմանականություններից, մերժել ընդհանուր արժեքները, մտածել միայն սեփական անձի մասին, և այդպիսով՝ զերծ մնալ խուլիգան որակվելուց: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր