211652_close_icon

Փոխվարչապետերի պաշտոնանկություններ չեն սպասվում. ՔՊ-ում «արշալույսները խաղաղ են». Փաշինյան

views-count1435 դիտում article-date 13:21 18-09-2025
Կառավարությունում փոխվարչապետերի պաշտոնանկություններ չեն սպասվում: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՔՊ-ում «արշալույսները միշտ խաղաղ են», բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային:

Փաշինյանն ասաց, որ ՔՊ-ում քննարկումները տեղի են ունենում միշտ բուռն, միշտ սուր քաղաքական բանավեճի մթնոլորտում:

«Լինում են նաև, ցավոք սրտի, ինձ հետ էլ է պատահել վերջերս, որ քաղաքական վեճի ընթացքում թույլատրելիի սահմանները մի փոքր կամ ոչ մի փոքր, անցնում են: Բոլոր այդ դեպքերում վրա են հասնում կարգապահական գործընթացները»,- նշեց նա:

Անդրադառնալով ՔՊ-ականներ Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի միջադեպին, վարչապետն ասաց. «Երեկ տեղի է ունեցել նաև կուսակցության վարչության արտահերթ նիստ, հրավիրվել են բոլոր գործընկերները,  մանրամասն քննարկում է տեղի ուենցել, և եզրակացությունները մնացել են նույնը»,- հայտարարեց նա:

Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ ՔՊ-ում «արշալույսները խաղաղ են այնքանով, որ կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով»: «ՔՊ-ն այն քիչ կուսակցություններից է, որտեղ կա մշտապես բանավեճ, կա մրցակցային մթնոլորտ, մեր խնդիրն է այդ մրցակցային մթնոլորտը պահել առողջ և քաղաքական տրամաբանության շրջանակներում, ինչը և մենք անում ենք»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր