211652_close_icon
views-count2871 դիտում article-date 21:04 24-04-2014

Ֆրանցիսկ թագավորի սարսափելի կտակը

Աշխարհում ժողովուրդներ կան, որոնց մասին միջին հայաստանցին չգիտի: Աֆրիկայում ապրող տասնյակ ժողովուրդների, Հնդկաստանի տասնյակ ժողովուրդների, Թուրքիայի ու Իրանի տարածքներում ապրող ժողովուրդների մասին չգիտի: Դրանցից մի քանիսը տասնյակ, մի քանիսը՝ մի քանի միլիոն են: Նույնկերպ և հայ ժողովրդի մասին աշխարհում գիտեն քչերը: Եթե տվյալ ժողովրդի մեջ հայտնի հայ կա, ում ազգային պատկանելությունը հայտնի է, ապա այդ ժողովրդի շարքային ներկայացուցիչները հայի մասին գիտեն: Հային ճանաչում են նաև այն երկրում, որը Հայաստանի հետ կապված քաղաքական ծրագրեր է ունեցել կամ ունի: Այդպիսով ի՞նչ պետք է անել, որ հայն ու Հայաստանը ճանաչելի լինեն աշխարհում: Այստեղ կա երկու մոտեցում՝ արարման և ավերման: Առաջինի դեպքում գնահատվում է այն, ինչը հայը տալիս է, տվել է, կամ կարող է տալ աշխարհին: Իսկ երկրորդ դեպքում գնահատվում է հայի պատճառով տեղի ունեցած կորուստները, ավերվածությունները: Հայի աշխարհին տվածը ի մի բերված չէ: Այնինչ հենց հայկական ժառանգության համաշխարհային արժեքն է բարձրացնելու Հայաստանի միջազգային հեղինակությունը և նպաստելու նրա բարձրացրած հարցերի լուծմանը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը: Ցավալի է, սակայն ներկայում հային աշխարհում ճանաչում են 1915-ի Ցեղասպանության սարսափելի փաստով: Ասում են, թե Ֆրանսիայի Ֆրանցիսկ թագավորը մահվանից առաջ կտակ է գրել և պատվիրել կործանել Օսմանյան կայսրությունը, ազատել քրիստոնյա ժողովուրդներին: Մի քանի հարյուր տարի անց սկսվեց լրջորեն իրականացվել Ֆրանցիսկի կտակը: Ազատագրական պայքարի ելած ժողովուրդներին սատարում էին Անգլիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր գաղափարական և քաղաքական պատճառները: ԱՄՆ-ն աջակցում էր, քանի որ այնտեղ խախտվում էին ազգային ինքնորոշման իրավունքները, Անգլիան ձգտում էր նոր անգլիաներ կազմավորել և տիրանալ Միջերկրականի նեղուցներին, Ռուսաստանը առաջնորդվում էր ծավալապաշտական նկրտումներով, իսկ Ֆրանսիան իրագործում էր Ֆրանցիսկ թագավորի կտակը: Լոզանի կոնֆերանսում այս երկրները բարձրացրեցին Հայկական հարցը: Թուրքիայի ներկայացուցիչը 25-րոպեանոց ելույթում համոզեց կոնֆերանսի մասնակիցներին, որ Թուրքիան հայերին չի հայրենազրկել: Թուրք դիվանագետին աջակցեց Բոլշևիկյան Ռուսաստանի ներկայացուցիչը և կոնֆերանսի մասնակիցներին համոզեց, որ հայերը հայրենազրկված չեն և հայրենիք ունեն՝ Խորհրդային Հայաստանը: Այդպիսով Հայկական հարցը միջազգային օրակարգից հանվեց: Այս դիվանագիտական պարտության չմոռացվող խայտառակությունը, ինչպես նաև Վիլսոնի 14 դրույթներն ու Ֆրանցիսկի կտակն այսօր բարոյապես պարտավորեցնում են ԱՄՆ-ին ու Ֆրանսիային հասնել Հայկական հարցի արդարացի լուծմանը: Իսկ դա սարսափեցնում է Թուրքիային: Ներկայում միջազգային ուժերի հարաբերակցությունն այն չէ, ինչ առաջին համաշխարհայինից հետո: Եվ 100-ամյակին հնարավոր է, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցերը կլուծվեն հայ-թուքական սահմանի բացման և միջպետական տնտեսական գործակցության միջոցով: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր