211652_close_icon
views-count1451 դիտում article-date 22:00 19-02-2014

Հին սխալի վտանգավոր պտուղները

Ներկայումս մեր հասարակությունն ունի բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնք ժառանգել ենք խորհրդային հասարակարգից, որում միակ և անկրկնելի հոգեբանը Պավլովն էր այն պարզ ու զզվելի պատճառով, որ վերջինիս ուսմունքը լիովին համապատասխանում էր մարքսիզմ-լենինիզմին: Կարելի է պնդել, որ չկա մի ոլորտ, որտեղ պետք չլինի հոգեբանի միջամտություն, և ճարտարապետությունը բացառություն չէ: Չգիտես ինչ օրինաչափությամբ՝ մեր գրեթե բոլոր հիվանդանոցներին կից կան գերեզմաններ: Հիվանդանոց կա, որի հիվանդասենյակների մոտ 85%-ի պատուհաններից անխուսափելիորեն երևում են երկու տարբեր գերեզմանատների տեսարաններ: Հիվանդները, ովքեր հետօպերացիոն շրջանում ավելի հոգեբանական օգնության են կարոտ, քան ֆիզիոլոգիական, վերակենդանացման բաժնից հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո տեսնում են գերեզմանները և, կարծում ենք, ավելորդ է խոսել այն ապրումների մասին, որոնք ունենում են կյանքի համար պայքարող օրգանիզմներում: Ավելորդ ենք համարում նաև խոսել այն մասին, թե ինչպիսի վնասներ են հասցնում մանավանդ այդ խոցելիության բարձր աստիճանում հոգեկան ճնշումները և բացասական ապրումները: Բայց բնավ ավելորդ չենք համարում խոսել այն խնդրի մասին, որ հիվանդանոցի էքստերիերը նունյքան, երբեմն էլ ավելի կարևոր է, ինչքան ներքին սանիտարական դրությունը և ինտերիերը: Քանի որ մոդա է նմանաբանություն կատարելը քաղաքակիրթ աշխարհի հետ, մենք էլ չենք խուսափի զուգահեռ անցկացնելուց և հստակ մատնացույց անելուց, որ քաղաքակիրթ ցանկացած երկրում ամեն մի կառույց, որը հարակից է հիվանդանոցին, մանկատանը, դպրոցին և նմանատիպ կառույցների, իր լինելիության արդարացումը պետք է ունենա հենց հոգեբանի կողմից: Իհարկե, մենք չենք ասում, թե գերեզմանոցը կամ հիվանդանոցը տեղափոխենք, սակայն պնդում ենք, որ ցանկացած կառույց նախագծելուց հետո անպայման խորհրդակցվի պատասխանատու հոգեբանի հետ: Ինքնին հասկանալի է, որ հոգեբանությունը, լինելով բավական երիտասարդ գիտություն ողջ աշխարհում, իսկ Հայաստանում դեռևս լիովին մանուկ, չի կարող մեծ դեր խաղալ բոլոր ոլորտներում: Սակայն մեր այս կոչն էլ հենց նրա մասին է, որ եթե հոգեբանին անտեսում են, ապա հետո հենց անտեսողները (և շատ-շատերը) ունենում են այնպիսի խնդիրներ, որ ոչ ոք չի կարողանում լուծել: Մեր վերը բերած օրինակը սրա լավագույն ապացույցն է. հիմա պետք է սպասենք՝ մինչև գերեզմանը փակվի: Անցնեն այնքան սերունդներ, որ այլևս այցելու չունենա տվյալ գերեզմանը: Հետո միայն հնարավոր կլինի ինչ-որ բան ձեռնարկել՝ այն էլ բազմաթիվ խնդիրների առկայությամբ: Բոլորին է հայտնի, որ գերեզման քանդելը սրբապզծություն է, իսկ մեր գերեզմանաքարերը, որոնք շատ հաճախ արվեստի գլուխգործոցներ են, ունեն մշակութաբանական մեծ նշանակություն: Բայց հո չե՞նք կարող մեծ վտանգի ենթարկել հիվանդների կյանքը գերեզմանի սրբազանության պատճառով: Հիմա ինչ եղել` եղել է. ձեռք տալ տալ չի կարելի ո՛չ հիվանդանոցներին, ո՛չ էլ գերեզմաններին, սակայն նորերը կառուցելու ժամանակ պարտադիր է հոգեբանի խորհուրդը. գերեզմանը պարզ երևում է բոլորիս, սակայն որքա՛ն բաներ կան, որ կտեսնի միայն հոգեբանը, և որոնք բացասական կազդեն հիվանդի առողջությանը: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր