211652_close_icon
views-count1296 դիտում article-date 21:47 12-02-2014

Խստորեն պետք է հսկենք, որ հիվանդը որակյալ բուժծառայություն ստանա. Դերենիկ Դումանյան

Պետական առողջապահական գործակալության համար 2013-ը հագեցած ու արդյունավետ էր։ Կարևոր է, որ տարիներով կուտակված ռազմավարական շատ հարցեր լուծումներ ստացան, ֆինանսավորման և բժշկական ծառայությունների որակի գնահատման նոր, ավելի արդար ու հավասարակշռված մեխանիզմներ սահմանվեցին։ Համակարգային այդ բարեփոխումների արդյունքներն ավելի ուշ տեսանելի կլինեն, և մեր բնակչությունը որակական նկատելի առաջընթաց կարձանագրի պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման, բուժման արդյունավետության բարձրացման գործում։ Դերենիկ Դումանյանն այսպես գնահատեց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության անցած տարվա աշխատանքները։ Տեղում կազմակերպված հաշվետվության ժամանակ նախարարին զեկուցվեց, որ 2013-ին ՊԱԳ-ի կողմից մշակված 8 որոշման նախագիծ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Դրանք կանոնակարգում են ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ հիվանդանոցային բուժման կազմակերպման, դրանց ֆինանսավորման, աշխատավարձերի ձևավորման և այլ հարցեր։ Խնդիրն այն էր, որ առողջապահության ֆինանսավորման սկզբունքներն ու մեխանիզմները այլևս չէին համապատասխանում վերջին տարիներին ոլորտում իրականացված բարեփոխումներին։ Առանցքային է ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության N 1515-Ն որոշումը, որով հստակեցվել են բազմաթիվ մոտեցումներ ու ձևակերպումներ, կատարելագործվել ֆինանսավորման մեխանիզմները: Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման փաթեթն առողջապահության նախարարությանը փոխանցելուն նախորդել էր միջգերատեսչական հանձնաժողովի մանրակրկիտ աշխատանքը։ Սոցփաթեթի փոխանցման առաջին քայլը հաջող քննություն բռնեց, ինչի արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թվականից սոցիալական փաթեթի մնացած շահառուներին բժշկական ծառայություններով ապահովելու գործառույթը ևս ապահովագրական ընկերություններից ՀՀ առողջապահության նախարարությանն է փոխանցվում։ Պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժին, որը կարևոր դերակատարություն կունենա պետության կողմից երաշխավորված բժշկական ծառայությունների որակի ապահովման գործում: Գործակալությունում մշակվել է բժշկական պարտադիր ապահովագրության հայեցակարգը, որն այժմ լրամշակման փուլում է։ 2013-ին նախարարությունը շուրջ 480 բուժհիմնարկի հետ պայմանագրեր է կնքել` ըստ առանձին գործունեության շրջանակների։ 2014-ին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրով պետական պատվերի տեղադրման պահանջներն ավելի խստացվել են։ Ընդ որում, որպես պարտադիր պայման` պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող հիվանդին պետք է տրվի իրազեկման թերթիկ` նշելով նրա իրավունքներն ու պարտականությունները։ «2014-ին ավելի մեծ պահանջներ ենք դնելու։ Պետական պատվեր տեղադրողը մենք ենք, փոխհատուցողը պետությունն է, հետևաբար խստորեն պետք է հսկենք, որ հիվանդը որակյալ բուժծառայություն ստանա։ Գործակալությունը համալրված է լավ մասնագետներով, և վստահ եմ, որ լուրջ ուսումնասիրություններ կարվեն ինչպես պետական պատվերով, այնպես էլ համավճարով իրականացվող բժշկական ծառայությունների որակի նկատմամբ։ Մենք պետք է հետևենք, որ բուժհիմնարկները միայն օրինական դաշտում աշխատեն։ Վստահ եմ, որ 2014-ին գործակալությունն ավելի հետևողական ու արդյունավետ աշխատանք է կատարելու»,-ամփոփելով հանդիպումը` ասաց նախարար Դումանյանը։

Նմանատիպ նյութեր