211652_close_icon
views-count1298 դիտում article-date 18:15 17-03-2014

Մենք պետք է աշխատանքներ տանենք հանրապետության Նախագահի կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ. Դերենիկ Դումանյան

«Հանրապետության Նախագահի առողջապահության նախարարություն կատարած այցի ընթացքում ոլորտ առ ոլորտ ներկայացվեցին իրականացված աշխատանքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները»,- այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Դերենիկ Դումանյանը։ Նա հորդորեց, ի մի բերելով նախարարությունում Նախագահի անցկացրած խորհրդակցության արդյունքները, աշխատանքային առանձին ծրագիր մշակել։ Այս առումով նախարարն առանձնացրեց մի քանի խնդիրներ։ «Մենք լուրջ անելիքներ ունենք քաղաքային բնակավայրերում ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության բարելավման ուղղությամբ։ Միայն այդ քայլով զգալիորեն կնվազեցնենք շտապօգնության և հիվանդանոցային ծառայության բեռը։ Մենք արդեն տևական ժամանակ է, ինչ ծրագրային միջոցառումներ ենք իրականացնում բժշկական օգնության որակի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Բոլոր այդ աշխատանքները պետք է ավելի ակտիվացնենք։ Իսկ դրանց արդյունքներն ամփոփելու համար նախորդ տարվա օրինակով պետք է կազմակերպենք 2013-ի Ազգային հաշիվների մշակման աշխատանքները»,-ընդգծեց նախարարը` կոնկրետ հանձնարարականներ տալով։ Բժշկական օգնության որակի բարելավման ենթատեքստում Դերենիկ Դումանյանը շեշտեց նաև բուժման սխեմաների, չափորոշիչների մշակման ու ներդրման կարևորությունը։ «Մենք այս ուղղությամբ արդեն բավականաչափ փորձ ենք կուտակել և պետք է հասնենք նրան, որ Երևանի և ցանկացած մարզի սրտաբան կամ այլ մասնագետ նույն չափորոշիչներով աշխատեն»,-նախարարն այս ուղղությամբ հանձնարարեց ըստ առանձին ոլորտների ի մի բերել մինչև այժմ կատարված աշխատանքները` միաժամանակ անցկացնելով վերապատրաստման դասընթացներ մասնագետների և կազմակերպիչների համար։ Դերենիկ Դումանյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց նաև բժշկական անձնակազմի շարունակական վերապատրաստումների, մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ` ընդգծելով միջին բուժանձնակազմի ինչպես վերապատրաստման, այնպես էլ նրանց մասնագիտական բնութագրերի մշակման հրատապությունը։ Նախարարը կարևորեց նաև ծառայությունների պահանջարկի ուսումնասիրությունն ու գործող իրավական դաշտի ընձեռած հնարավորություններով դրանց կարգավորումը։ «Մենք ոչ միայն պետք է շարունակենք բժշկական ծառայությունների որակի և մատչելիության բարելավմանն ուղղված արդեն իսկ սկսած ծրագրերը, այլև ակտիվ աշխատանքներ տանենք հանրապետության Նախագահի կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ»,-ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր