Վատիկանի գրադարանում Ճապոնիայում քրիստոնյաների դաժան հետապնդումների մասին նյութեր են հայտնաբերվել
Վատիկանի գրադարանում հայտնաբերվել է Ճապոնիայում քրիստոնյաների դաժան հետապնդումների մասին XVII- XVIII դարի փաստաթղթերի հավաքածու: Դրանք հայտնաբերել են Ճապոնիայի Կյուսյու կղզու Օյտա պրեֆեկտուրայի արխիվի հետազոտողները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթերը հավաքել է իտալացի կաթոլիկ միսիոներ Մարիո Մարեգան, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դասավանդել է Օյտայում: Փաստաթղթերում հիմնականում ասվում է հետապնդումների մասին, որն իրականացրել են ճապոնացի պաշտոնյաները քրիստոնյաների և նրանց դեմ, ովքեր մահվան սպառնալիքի պատճառով հրաժարվել են իրենց հավատից: Նյութերի մեծամասնությունը վերաբերում է XVII դարի սկզբին, երբ հետապնդումները շատ դաժան բնույթ են կրել: