211652_close_icon
views-count17777 դիտում article-date 21:46 28-12-2020

«Բավականին նյութեր ունեմ վերջին պատերազմի հետ կապված, և եթե ՊՆ-ն կամ պետության որևէ մի կառույց նախաձեռնի քննիչ հանձնաժողովի ստեղծում, կարող եմ բավականին նյութեր տալ». Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, թե Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել է Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իր, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի և 2008-2016թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: «Սամվել Բաբայանն ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Որպես կառավարության հրաժարականը պահանջող պաշտոնաթող գեներալների ցուցակը գլխավորող՝ Սեյրան Օհանյանին նորից առաջարկում եմ ընդունել իմ առաջարկը և նույն ձևաչափով քննարկել մեր բանակի պարտության խորքային պատճառները, իսկ քննարկումից առաջ խնդրում եմ պարոն Օհանյանին ներկայացնել պաշտոնաթող գեներալների հավաքական տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը՝ չնայած բոլորն այդ ժամանակ ունեցել են ավելի ցածր ուսադիրներ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի պարտության խորքային պատճառները, հատկապես՝ նրա անշրջելի ընթացքը վերջին 20 տարիների ընթացքում: Խիզախություն պետք է ունենալ դա ընդունելու և պատասխանատվություն կրելու համար: Եվ եթե այս խնդիրը չլուծվի, սերունդների դատին ենք թողնելու դավաճանների անվերջ փնտրտուքը, իսկ դա մեզ զրկելու է բանակի ապագային միտված հեռանկարը կառուցելուց»,- շարունակել է նա: [url=https://168.am/2020/12/28/1437342.html?fbclid=IwAR1CPKtyBrV8VxBS6ayC-b4tp64GEiR-i4DuT-nmF1I1vonqArT9mKGvkZw]168.am[/url]-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Անդրանիկ Քոչարյանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, բայց մի քանի անգամ փորձել է զանգել նրան՝ ճշտումների համար, սակայն Քոչարյանը չի պատասխանել: «Ես ընդունում եմ՝ միգուցե զբաղված է եղել: Բայց կասեմ հետևյալը. երբ ինքն ասում է, որ նորից հրավիրում է բանավեճի, քննարկման, առնվազն ճիշտ չի ասում, որովհետև ինքն ինձ չի հրավիրել բանավեճի: Ես առաջին անգամ խոսակցություն եմ ունեցել Պետրոս Ղազարյանի հետ: Նա էր զանգել ինձ և ասել, որ ցանկանում է քննարկումներ կազմակերպել տարվա վերջում անվտանգության և այլ հարցերով, որին կմասնակցի Անդրանիկ Քոչարյանը և Սամվել Բաբայանը: Հստակ պնդում չի եղել: Եվ ես իրեն ասել եմ՝ անձնական հանգամանքներ կան, ուստի ես չեմ կարող մասնակցել: Հիմա ես կարող եմ, չէ՞, անձնական խնդիրներ ունենալ: Երկրորդ՝ ամեն մի ասելուց հետո ես հո վազելով չե՞մ գնալու՝ չիմանալով` ինչ հարցեր են կոնկրետ քննարկվելու: Ասածս այն է, որ Անդրանիկ Քոչարյանն ինձ չի դիմել: Մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ, և Ապրիլյան հանձնաժողովի օրերին մենք զանգում էինք իրար, նա էր զանգում, խնդրում, ասում, որ քննարկենք, ես համաձայնել եմ: Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին անգամ զրուցել ենք նոյեմբերի սկզբներին՝ 8-10-ն ընկած ժամանակահատվածում: Խոսել ենք ստեղծված իրավիճակի մասին, որքան հիշում եմ, նաև խոսել ենք մոբիլիզացիոն խնդիրների մասին: Ես հիմա էլ ուզում եմ նորից ասել՝ խորը վերլուծության արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ ոչ թե բանակն է պարտվել, ոչ թե ժողովուրդն է պարտվել, այլ ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ իր ոչ արդյունավետ կառավարմամբ և երկիրը խաղաղից պատերազմական վիճակի տեղափոխելու միջոցառումների ոչ լիարժեք կատարմամբ: Անդրանիկ Քոչարյանի գրառումից գալիս ենք այն եզրակացության, որ ցանկանում են խորը քննարկման ենթարկել բանակի պարտության խորքային պատճառները: Ինքս իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ բավականին նյութեր ունեմ վերջին պատերազմի հետ կապված, և եթե Պաշտպանության նախարարությունը կամ պետության որևէ մի կառույց նախաձեռնի քննիչ հանձնաժողովի ստեղծում, կարող եմ բավականին նյութեր տալ, որովհետև եղել եմ այնտեղ, գրառումներ եմ կատարել»,- նշեց Արցախի հերոսը: Այս համատեքստում Սեյրան Օհանյանը շարունակեց, որ իր հարցազրույցների ժամանակ ՊՆ-ին, ԳՇ-ին, ԱԱԾ-ին առաջարկել է գրաքննություն իրականացնել և թույլ չտալ, որ բանակի, մարտական գործողությունների, օպերացիաների կազմակերպման վերաբերյալ հրապարակային քննարկումներ անցկացվեն: «Հատկապես, երբ այնտեղ նշվում են թվային տվյալներ, սպառազինության, ռազմական տեխնիկայի տեսակներ, կամ պատմում են ինչ-որ օպերացիաների մասին, թե քանի հոգի էին, որտեղ տարան, ինչ արեցին և այլն: Այս ամենը բերում է այն եզրակացության, որ նման քննարկումները պետք է լինեն փակ: Եվ նորից ձեզ ասում եմ, Անդրանիկ Քոչարյանին և մնացածին էլ հորդորում եմ, որ նման քննարկումներն իրականացնեն փակ, գաղտնի ռեժիմով: Եթե իրենք կկազմակերպեն փակ, գաղտնի քննարկումներ ԱԺ-ում, Կառավարությունում, ԱԽ-ում, ՊՆ-ում, ես պատրաստ եմ անձամբ ներկայանալ և ներկայացնել իմ տեսակետները: Իսկ եթե իրենք ուզում են հրապարակավ քննարկումներ անել, թող պատասխանեն իմ հրապարակավ հնչեցրած հարցերին՝ ուղղված ԱԺ նախագահին: Եվ երկրորդ՝ թող կազմակերպեն այն պաշտոնատար անձինք, որոնք ղեկավարել են: Ես 4 տարի է՝ որևէ պաշտոնի չեմ, և այս մարտական գործողությունների ժամանակ պաշտոնական ոչ մի գործողություն չեմ իրականացրել, որ հիմա ներկայանամ այդ քննարկումներին: Առավելևս, կրկնում եմ, Անդրանիկ Քոչարյանը ինձ չի հրավիրել, Հ1-ն է առաջարկել: Ես էլ ասել եմ, որ չեմ կարող՝ անձնական հանգամանքներից ելնելով: Այդ որտեղի՞ց է Քոչարյանը վերցնում և ասում, որ երկրորդ անգամ առաջարկում է ընդունել իր առաջարկը: Մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ, և ինքը կարող էր զանգել: Ես նորից եմ մի քանի անգամ զանգել, և ինքը չի պատասխանել»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Նմանատիպ նյութեր