211652_close_icon
views-count107025 դիտում article-date 17:00 25-10-2013

Իմ ընթերցողի արձագանքն ամենաթանկն է բոլոր պարգևներից և մրցանակներից. մեր զրուցակիցն է հայտնի լրագրող Գոհար Վեզիրյանը

- Դուք այն լրագրողներից եք, ովքեր ունեն հստակ ձեռագիր և մշտապես կանգնած են այնպիսի իրադարձությունների կենտրոնում, որն այդ պահին, թերևս, ամենակարևորն է երկրի քաղաքական օրակարգում: Դժվար չէ՞ մշտապես լինել առաջին գծում և դառնալ իրադարձությունների մասնակից` դրանով ձեր ընթերցողին ապահովելով որակյալ տեղեկատվությամբ: - Երբեք չեմ մտածել դրա մասին՝ դժվար է, թե ՞ ոչ: Ես պարզապես ունեմ լրագրող լինելու իմ բանաձևումը: Տարբեր դասընթացների ու քաստինգների ժամանակ ես ինքս սկսնակներին բացում եմ իմ այդ բանաձևման փակագծերը: Դու պարտավոր ես 24 ժամ լինել լրագրող, ինչպես օրինակ բժիշկն է 24 ժամ բժիշկ: Կան մասնագիտություններ, որոնցով աշխատողներն աշխատանքային ժամի ավարտից հետո հանգիստ գնում են տուն՝ վայելելու այն ժամանակահատվածը, որ իրենք աշխատանքի տեղում չեն և պատասխանատվություն չեն կրում այս կամ այն խնդրի համար: Մինչդեռ լրագրողը, լավ լրագրողը չի կարող իրեն նման շքեղություն թույլ տալ: Օրվա ցանակացած պահին կարող են այնպիսի իրադարձություններ զարգանալ, որոնցով չապրելն ու չհետաքրքրվելը կարող է վերջ դնել քո կարիերային: Մշտապես լինել իրադարձության կենտրոնում ոչ թե հեշտության կամ դժվարության խնդիր է, այլ պարզապես մասնագիտությունդ է դա ենթադրում: Այնպես որ տարօրինակ ոչինչ չկա: Տարօրինակ կլիներ, եթե լրագրողը կամ հանրային կարծիքի հետ աշխատողը ցանկություն չունենար տեղեկացված լինել ամեն ինչի մասին և հենց այդ տեղում էլ չձգտեր առաջիններից լինել: - Մենք տեղյակ ենք, որ դուք մշտապես կապի մեջ եք ընթերցողների հետ, նրանց կողմից բարձրացված հարցերը ձեր կողմից երբևէ անուշադրության չեն մատնվել: Համենայնդեպս՝ ձեր մասով կա նման կարծիք ու տպավորություն: Ինչպե՞ս եք հաջողացնում այդպես ամուր պահել ձեր ու ընթերցողի միջև կապը: - Կա նման բան: Գրեթե ամեն առավոտ ինձ արթնացնում է ընթերցողի հեռախոսազանգը: Շատերին չեմ էլ ճանաչում, բայց մարդիկ զանգահարում ու շնորհակալություն են հայտնում, ինչու ոչ՝ որոշ դեպքերում անհամաձայնություն, հաճախ էլ թեման զարգացնելու նոր ազդակներ ու տեղեկություններ են տալիս: Կան այնպիսիները, որոնք այնքան են զանգահարել, որ արդեն ընկերացել ենք, չնայած որ կյանքում չեմ հանդիպել նրանց: Կա մի շերտ, որը խմբագրություն է գալիս պարզապես ծանոթանալու, մյուսները՝ իրենց հուզող հարցերի համար: Տարբեր են մարդիկ, խնդիրներն ու մոտեցումները: Բայց մի բան հաստատ գիտեմ, մեզ կապողը փոխադարձ վստահությունն է: Ես վստահում եմ իմ ընթերցողին, նրա կարծիքին: Ընթերցողի արձագանքն ինձ համար ամենակարևորն է: Դա ամենաթանկն է բոլոր պարգևներից ու մրցանակներից: Ես սիրում եմ իմ ընթերցողին: Առհասարակ սիրում են ընթերցող մարդու տեսակը: Ու երևի այդ սերը իմ հրապարակումների տողատակերով հասնում է ընթերցողին ու նա էլ ինձ է փոխադարձաբար վստահում ու ընկալում: Երևի հենց սա է այն տեխնոլոգիան, որի վրա կառուցվում է լրագրող-ընթերցող հարաբերությունը: Համենայնդեպս ինձ շատ հաճելի է աշխատել ընթերցողի համակ ուշադրության ու նրա «ուշադիր հսկողության» ներքո: - Դուք Հայաստանի ամենաբարձր վարձատրվող լրագրողներից եք: Այդ փաստը լրացուցիչ պատասխանատվություն ու աշխատասիրություն է ենթադրում, թե՞ պարզապես դուք հաջողակ մարդ եք: - Չեմ ժխտում ես հաջողակ մարդ եմ (ծիծաղում է-խմբ.): Բայց սխալ կլիներ ասել, որ հաջողակ լինելն արդեն բավարար է լավ աշխատավարձ ունենալու համար: Առհասարակ մարդու հաջողությունը կամ հաջողակ լինելը միշտ էլ ուղեկցվում է այնպիսի հասկացություններով, ինչպիսիք են աշխատասիրությունը, պատասխանատվության բարձր զգացումը, նվիրվածությունը գործին ու այն թիմին, որի հետ աշխատանքը քեզ ամեն օր էլ ավելի է մոտեցնում պրոֆեսիոնալիզմի բարձր նշաձողին: Կարծում եմ՝ ես կարողացել եմ բավարարել այս հասկացությունների այն շեմերը, որոնք մարդուն մոտեցնում են հաջողակ ու գնահատված լինելուն: Իմ կարծիքով հաջողակ լինելը հոմանիշ է գնահատված լինելուն: Իսկ գնահատանքը բացի հոգևորից, նաև կոնկրետ նյութականություն է ենթադրում: Կարծում եմ՝ պատասխանեցի բարձր աշխատավարձի մասին ձեր հարցին: - Խոսեցիք թիմի ու մասնագիտական պրոֆեսիոնալիզմի բարձր նշաձողի մասին: Կսահմանեք այդ հասկացությունները, ձեզ համար դրանք կարևո՞ր են, թե՞ այլ առաջնահերթություններ կան: - Փորձեմ սահմանել: Թիմը մարդկանց այն խումբն է, առանց որի դժվար կլիներ ստեղծագործել ու արարել: Թիմը մասնագիտական այն ընկերախումբն է, որին բնորոշ են ընկերության որակները: Հավատարմություն, միասին կատարելությանը ձգտելու ու հասնելու իդեալ, հաջողությունն ու դժվարությունը հավասարաչափ կիսելու ցանկություն և փոխադարձ պատասախանատվություն միմյանց հանդեպ: Ինչ վերաբերվում է պրոֆեսիոնալիզմի բարձր նշաձող, ապա դա իմ նկարագրած թիմի աշխատանքն է, որի նպատակը ընթերցողին ճշգրտված ու բազմակարծություն ենթադրող որակյալ նյութերով ապահովելն է: Արագ զարգացող տեղեկատվական աշխարհում, որտեղ վայրի մրցակցություն է ինֆորմացիոն հարթակների միջև, մեդիառեսուրսը արագորեն կփոշիանա, եթե նպատակներդ ու դրանք կրողներն ու իրականացնողները մաքսիմալ ազնիվ չլինեն սպառողի հետ: Հենց այստեղից էլ պետք է բխեցնեմ իմ հիմնական ասելիքը՝ առաջնահերթն ինձ համար տեղեկացված քաղաքացին է: ՀՀ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ինձ համար անառարկելի արժեք է: Տեղեկացված, կարծիքների բախման մշակույթին, ազատ խոսքին սովոր քաղաքացին միայն կարող է ամրություն ու վստահություն ներշնչել պետությանը: Այնպես որ ինձ համար առաջնահերթը քաղաքացու այն տեսակն է, որի առկայությունը կարող է ուժեղացնել Հայաստանի Հանրապետությունը: Նրանք, ովքեր հետևում են ինձ որպես լրագրողի, կփաստեն, որ սա այն իդեոլոգիան է, որի հիմքի վրա էլ ես շարունակում եմ կայանալ որպես լրագրող: [b]Զրուցեց Գագիկ Շամշյանը[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր