151837 դիտում
08:58 27-02-2018
Դաժան ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. առևանգված աղջկա հետևից գնալիս Ford-ի վարորդը վթարի է ենթարկվել. կա 2 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 40-ամյա Աղասի Գևորգյանը իր վարած Ford մակնիշի 55 AM 755 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, վարորդի համագյուղացի, 69-ամյա Ջուլիետա Գևորգյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 42-ամյա Սարգիս Ֆիդանյանը, 37-ամյա Լալա Կիրակոսյանն ու վարորդ Ա. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից Ս. Ֆիդանյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և դրսում հայտնված մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի առջևի 2 անվահեծանները կոտրվել էին, գազաբալոնն էլ՝ պոկվել և շպրտվել:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդն ու ուղևորները մեկնում էին ինչ-որ գյուղ, որտեղ գտնվում էր իրենց ազգական աղջիկը, ում առևանգել էին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+