211652_close_icon
views-count3239 դիտում article-date 22:43 06-04-2026

Երևանում փրկարարները, փրկարար-հոգեբանը, Շենգավիթի ու Մալաթիայի համայնքային ոստիկանները և շտապօգնության բժիշկները փրկել են երիտասարդ տղայի կյանքը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և փրկարար ծառայության փրկարար-հոգեբանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և Մալաթիայի բաժինների համայնքային ոստիկանները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի բժիշկն ու բուժքույրը կարողացել են Երևանում փրկել երիտասարդ տղայի կյանքը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցից դեպի նոր կառուցվող Շիրակի փողոց տանող ճանապարհին գտնվող կամրջի վտանգավոր եզրագիծը երիտասարդ տղան անցել է և սպառնում է իրեն ցած նետել։

Փրկարարներին, փրկարար ծառայության հոգեբանին, Շենգավիթի և Մալաթիայի համայնքային ոստիկաններին ու շտապօգնության բժշկին և բուժքրոջը մոտ 30 րոպե հաջողվել է բանակցություններ վարել տղայի հետ, ինչից հետո կարողացել են նրան կամրջի երկաթե ճաղավանդակի հակառակ կողմից տեղափոխել անվտանգ վայր։

Այս պահին փրկարար-հոգեբանը նրան անհրաժեշտ հոգեբանական աջակցություն է ցուցաբերում, իսկ համայնքային ոստիկանները պարզում են նրա ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ավտոմեքենա, որով նա ժամանել էր կամրջի մոտ, կայանել ավտոմեքենան և անցել կամրջի վտանգավոր եզրագիծը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր