211652_close_icon
views-count109892 դիտում article-date 17:09 08-04-2026

Ողբերգական ավտովթար՝ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. բախվել են երկաթով բարձված «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կան զոհեր և վիրավորներ. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

 Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի, բաժնի պետի տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, Վարչության պետի տեղակալ՝ Արշակ Կիրակոսյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «DAF» բեռնատարը բարձված է եղել երկաթե պարագաներով, այդ թվում՝ ամրաններով։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածները ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողներ են և գուցե դրա համար էր, որ նրանց մարմինները տեղափոխելու համար դեպքի վայր էին ժամանել Պաշտպանության նախարարության շտապօգնության համար օգտագործվող «ՈւԱԶ»-ները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր