84054 դիտում
00:00 24-10-2017
Ռուս պայմանագրայինը Գյումրիում սպանել է ծառայակցին, որից հետո ինքնասպան է եղել
ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա՝ սպանելով վերջինիս, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։
Կատարվածից եւ ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
Տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային զինվորական շրջանի հատուկ հանձնաժողովը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը ՌԴ քաղաքացի, Հայաստանում տեղակայված ՌԴ-ում թիվ 102 ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, շարքային, 22-ամյա Ալեքսանդր Կռուգլովն է, ով նշված ռազմաբազայի «Ալագյազ» կրակադաշտի տարածքում հրազենային վիրավորում էր ստացել և ճանապարհին մահացել էր։