Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  17:30-ի սահմաններում  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում,  թիվ 35 երթուղին սպասարկող Higer  մակնիշի  4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
 Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր  օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բրիգադի աշխատակիցների հետ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել,  այնուհետև տեղափոխել հիվանդանոցներ:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Մարգարիտա Մանուկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է Ժամանել  նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության  1-ին սպայական գումարտակի  3-րդ դասակի տեսուչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարան կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է  Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


