4426 դիտում
14:58 30-06-2017
E5P հիմնադրամը 2 մլն եվրոյի չափով աջակցություն կտրամադրի Հայաստանի աղբավայրերի կառուցման համար
Սատարելով Հայաստանի ջանքերը՝ շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ, E5P հիմնադրամը կհամաֆինանսավորի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների համար մեկ նոր աղբավայր կառուցումը՝ տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ:
ՎԶԵԲ-ը, որը կառավարում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամը, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը այսօր ստորագրեցին համապատասխան համաձայնագիրը: Դրամաշնորհի միջոցները կաջակցեն կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներ կիրառող նոր աղբավայրի կառուցմանը, որը ներառում է մունիցիպալ կոշտ թափոնների հավաքումը և հեռացումը: Այն տեղական բնակիչներին կբերի խոշոր բնապահպանական և սոցիալական օգուտներ:
Ծրագրի շուրջ աշխատանքը սկսվել էր 2014թ. դեկտեմբերին, երբ ՎԶԵԲ-ը 3,5 մլն եվրո գումարի չափով վարկ էր հատկացրել, որն իր հերթին համալրվել էր ԵՄ հարևանության ներդրումային գործիքի կողմից 3,5 մլն եվրո դրամաշնորհով: ԵՄ չափանիշներին համապատասխանող՝ կոշտ թափոնների կառավարման համակարգը կներառի 8 համայնք, որոնցից 7-ը՝ Կոտայքի մարզում և 1-ը՝ Գեղարքունիքի մարզում:
Ծրագիրն ընդլայնվեց 2016 թվականին` ՎԶԵԲ-ից ստանալով լրացուցիչ սուվերեն վարկ 2 մլն եվրո գումարի չափով: Ներկայումս այն ընդգրկում է Կոտայքի մարզի բոլոր 7 համայնքները` Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան, Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի բոլոր 5 համայնքները` Սևան, Վարդենիս, Գավառ, Մարտունի, Ճամբարակ:
Սա ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող՝ կոշտ թափոնների առաջին ծրագիրն է Հայաստանում, և այն աջակցում է երկրի կառավարության ծրագրերին, որոնց նպատակն է. թափոնների կառավարման համակարգի արդիականացումը և եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը:
E5P հիմնադրամի կողմից տրամադրվող՝ 2 միլիոն եվրո դրամաշնորհը կհամալրի ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող՝ 2 միլիոն եվրո գումարի չափով վարկը և կհամաֆինանսավորի փոխանցման կայանները, թափոնները հավաքող ու տեղափոխող բեռնատարները, թափոնների բեռնարկղերը և այլ մասնագիտացված սարքավորումները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն եվրո:
E5P-ն ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող միջազգային հիմնադրամ է: ԵՄ-ն խոշորագույն դոնորն է, Հայաստանը նույնպես հանդիսանում է հիմնադրամի ներդրող:
Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը նշել է. «Մենք շատ շնորհակալ ենք E5P հիմնադրամի դոնորներին` հատկապես Եվրամիությանը և Շվեդիային, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը և տեղական համայնքներին մեր հաջողված համագործակցության համար: E5P հիմնադրամի դրամաշնորհը շատ կարևոր ներդրում է այս ծրագրի համար, որը կհանգեցնի թափոնների կառավարման ենթակառուցվածքներում այդքան անհրաժեշտ բարելավումների: Այն կհամալրի ՎԶԵԲ-ի վարկային ֆինանսավորումը և կապահովի ծրագրի հաջող շարունակությունը և ավարտը»:
ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն Էվա Մանիկը հավելել է. «Ծրագիրը բնակիչների և շրջակա միջավայրի համար զգալի առավելություններ կստեղծի, ուժեղ ազդեցություն կունենա՝ ի ցույց դնելով նվաճումները, և կօգնի էլ ավելի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը աղբը փողոցում չնետելու և վերամշակելու առավելությունների մասին»:
Հայաստանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է. «Եվրամիությունը E5P հիմնադրամի հիմնական ներդրողն է: Այս ծրագիրը ավելի մեծ աջակցության մի մասն է, որը ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է թափոնների կառավարման ոլորտում: Առ այսօր մենք 22,4 մլն եվրո ենք տրամադրել դրամաշնորհների տեսքով, որոնք վերադարձի ենթակա չեն, ինչը ցույց է տալիս, որ ԵՄ-ն կարևորում է երկրի բնապահպանական խնդիրները: Մեր աջակցությունը տրամադրվում է Կոտայքում, Երևանում և Վանաձորում 5 տարբեր ծրագրերի միջոցով, քանի որ մենք համաֆինանսավորում ենք այնպիսի գործընկերների հետ միասին, ինչպիսիք են ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն և KfW-ն»:
Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում ներդրել է 1.1 մլրդ եվրո 158 ծրագրում
Նմանատիպ նյութեր
989 դիտում
12:31 12-05-2015
ԵՄ-ն Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային 150 մլն եվրոյի չափով գրանտ կտրամադրի
1528 դիտում
22:13 14-10-2023
50 մլն եվրոյի չափով աջակցություն Գազայի հատվածին
Այս բաժնից
703 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
715 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
649 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով