211652_close_icon
views-count63304 դիտում article-date 11:20 14-06-2017

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակը շարունակվում է Արմավիրի մարզում, 8 գյուղերի բնակիչների հույսը վարչապետն է. «Մեր մարզպետը օդ է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1.5 ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի մի քանի գյուղերում։ Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, բնակիչները փակել են ճանապարհը և հայտարարում են, որ այն չեն բացի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը գյուղի բնակիչների ցանկատարածության 90 տոկոսն ավերել է։ Ցորենի, սոխի, բադրիջանի, կարտոֆիլի, լոբու ցանկատարածություններն ամբողջովին ոչնչացվել են։ Ձվի չափ կարկուտը մի քանի րոպեում կոտրեց գյուղացու ողնաշարը ու հիմա ստիպված ենք ճանապարհը փակում, քանի որ երեկ գյուղեր ժամանած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը օդ դուրս էկավ. սաղիս գլխի տակ փափուկ բարձ դրեց, թե մարզպետարանը կանգնած է գյուղացու թիկունքին և գյուղացուն միայնակ չի թողնի, սակայն, ինչպես անցած տարի, այնպես էլ այս անգամ հերթական կուտը տվեց ու գնաց։ Մեր համբերության բաժակը լցվել է, էլ չենք հավատում մարզպետարանին ու մարզպետին, քանի որ նրանք լավ ջուր ծեծող են, գյուղացու վերքին դարման անող չեն։ Մեր հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է, իսկ մենք վարչապետից ոչ գումար ենք խնդրում, ոչ սերմ ու պարարտանյութ։ Մեր խնդրանքն է՝ 2 տարով սառեցնեն բանկերին մեր վարկը և 2 տարի հողի ու ջրի վարձ չմուծենք, բայց այդ ամենը՝ գրավոր, Պեպոյի բարաթով լինի, որովհետև անցյալ տարի Արմավիրի մարզպետը խոստացավ, որ այդպես էլ կլինի, սակայն նրա խոստումից 7-8 ամիս անց բանկերը գրոհեցին մեր տները։ Կրկին անգամ խնդրում ենք վարչապետին, որ ինքը ունի հնարավորություն և լծակ, որպեսզի միջնորդի բանկերին 2 տարի մեզանից վարկային տոկոսներ չվերցնեն, կանգնեցնեն, և 2 տարի, եթե բնությունը նորից չար կատակ չխաղա, մենք պատրաստ ենք 2 տարի հետո կանոնավոր կատարել բոլոր մուծումները, այդ թվում՝ հողի ու ջրի»։ Գյուղացիները կարծում են նաև, որ եթե մարզպետարանը բարի կամք դրսևորեր, կարկտակայաններ կտեղադրեին այդ 8 գյուղերում, և եթե կարկտակայանները շահագործվեին, հնարավոր է՝ նման աղետի առջև չկանգնեին. «Միայն երեկ Արմավիրի մարզի Մրգաստան և Շահումյան գյուղերից 7-8 բնակիչ հիվանդանոց են տեղափոխվել, քանի որ վատացել էր գյուղացիների ինքնազգացողությունը։ Կան գյուղացիներ, ովքեր պետք է ստացված բերքից առաջացած եկամտով գնումներ կատարեին և գնային իրենց զինվորներին տեսակցության, ովքեր ծառայում են առաջագծում, այդ թվում՝ Թալիշի, Մարտակերտի, Հադրութի, Մատաղիսի պոստերում։ Իսկ հիմա մենք դատարկ գրպանով էթանք էդ սահման պահող 19-20 տարեկան մատղաշ էրեխուն ի՞նչ ասենք։ Գնալուց գոնե մի փոքր սնունդ պիտի տանե՞նք, իսկ հիմա հայտնվել ենք կոտրված տաշտակի առաջ։ Կրկին անգամ դիմում ենք վարչապետին. մենք միայն իրեն ենք հավատում, մնացածը սաղ օդ են, օդ էկել են, օդ էլ կգնան՝ հանձնինս Արմավիրի մարզպետարանի ու մեծն մարզպետ Ա. Ղահրամանյանի»։ Այս պահին ճանապարհը փակած գյուղացիների հետ բանակցում է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ով գյուղացիներին տեղեկացրեց, որ խնդրի մասին Արմավիրի մարզպետը տեղեկացրել է կառավարությանը, և վարչապետը հանձնարարել է, որպեսզի կարճ ժամանակում լուծեն գյուղացիների բարձրացրած խնդիրները։ Գյուղացիները, լսելով մարզային ոստիկանապետին, ասում էին. «Մենք հավատում ենք ձեզ ու վստահ ենք, որ ձեր խոսքը տղամարդու խոսք է, ոչ թե մեր մարզպետի նման փուչիկ. դուրս է գալիս բերանից և տրաքում։ Դրա համար ճանապարհը հիմա կբացենք՝ վստահելով ձեզ և վարչապետ Կարեն Կարապետյանին»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր