66600 դիտում
12:35 26-09-2018
Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհի պատճառով հայտնվում են արհեստական շրջափակման մեջ. գյուղացիների հույսը վարչապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 1 ժամից ավելի է, մարզի Արագածոտն, Նոր Եդեսիա, Կոշ, Ուջան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, հերթական անգամ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Արագածոտն գյուղի խաչմերուկը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջունում ենք «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհի աշխատանքները, բայց եթե պետք է ունքը սարքելու փոխարեն աչքը հանեն, ավելի լավ է՝ էդ ճանապարհը չկառուցեն։ Մի ամբողջ գյուղեր այդ ճանապարհ պատճառով հայտնվում են արհեստական շրջափակման մեջ։ Օրեր առաջ գյուղում մարդ էր վատացել, շտապօգնությունը, եթե առաջ հասնում էր 10 րոպեում, 40 րոպե պահանջվեց, մինչև հասավ։ Հրդեհ էր բռնկվել այգիներում, ու հրշեջ մեքենան նույնպես բավականին ուշացումով ժամանեց։ Մենք գիտենք, որ խնդրին ծանոթ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց այս հարցը պետք է լուծվի կապի և տրանսպորտի նախարարության բարի կամքի շնորհիվ։ Իսկ մենք շատ բան չենք ուզում. կամուրջը կառուցեն, որը նախկինում եղել է, սակայն չգիտես որ մի ծալապակասի որոշմամբ կամրջի կառուցումը նախագծից հանեցին ու էս մի քանի գյուղերը հայտնվեցին էս վիճակին։
Մենք հիմա, ընդառաջելով ճանապարհային ոստիկանությանը, ճանապարհը բացում ենք՝ հույսով, որ կապի և տրանսպորտի նախարարության, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կառուցող ընկերության պատասխանատուները մեր վերքին դարման կանեն։ Գիտենք նաև, որ կամուրջ կառուցելը մեծ ծախսերի հետ է կապված, բայց եթե այդպես էր, ապա ինչի՞ համար առաջին նախագծում հաստատեցին, իսկ հետո, չգիտես ինչու, հայտնի ֆիլմի հերոսի՝ Նաջարյանի օրինակով փոշմանեցին։ Իսկ փոշմանելով գյուղը չի զարգանա, երկիրը չի պահվի։
Հիմա սպասում ենք կապի ու տրանսպորտի նախարարության պաշտոնյաների այցին՝ հույսով, որ օպերատիվորեն կգան և հերթական փափուկ բարձը չեն դնի մեր գլխի տակ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+