83007 դիտում
11:53 07-03-2016
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. թաղման մեկնող հարազատները վթարի են ենթարկվել. մայրը մահացել է, հայրը հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 07 ՏՏ 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 44.800 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Աիդա Բարսեղյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ 63-ամյա Ենոք Դիլբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և միայն վթարից հետո եղանակի տաքացման հետ սառույցը սկսել է հալչել:
Մի քանի հավաքվածներ էլ ասում էին, որ մահացածն ու վիրավորն ամուսիններ էին, վարորդը նրանց որդին է, և նրանք մեկնում էին Վարդենիս՝ թաղման արարողության մասնակցելու:
Հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը, և օպերատիվ են գործել նաև բժիշկները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+