13689 դիտում
10:13 13-05-2015
Վրաերթ-վթար Վայոց Ձորի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել քրեական հետախուզության բաժանմունքի պետը
Այսօր՝ մայիսի 13-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Էդգար Հովսեփյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 RT 255 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճամփեզրի վրա վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Հրազդան Կոստանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Է. Հովսեփյանը բախվել է ճամփեզրին կայանված Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ, 31-ամյա Արամ Ղազարյանին պատկանող, ճանապարհին կայանված վիճակում գտնվող Գազ 3110 մակնիշի 35 TV 879 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Հ. Կոստանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Վ. Այվազյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Գ. Գրիգորյանը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Հ. Կոստանյանն աշխատում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնում՝ որպես քննչական հետախուզության բաժանմունքի պետ: Կոչումով ոստիկանության մայոր է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի