211652_close_icon
views-count37462 դիտում article-date 17:50 23-09-2014

Արարատ քաղաքում աղջկա համար տեղի ունեցած վիճաբանությունը խլեց 1 երիտասարդի կյանք. ևս մեկը վիրավոր է

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ ազդրի շրջանում «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի բնակիչ, 24-ամյա Խաչիկ Գրիգորյանը և որովայնի շրջանում վնասվածքներ ստացած Արարատ քաղաքի Ղուկասյան փողոցի 9 տան բնակիչ, 24-ամյա Տիգրան Արմենակյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանութան Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արարատի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում Արարատ քաղաքի Ոսկու կորզիչ ֆաբրիկայի Բանավանի թիվ 21 շենքի տարածքում՝ վիճաբանության ժամանակ: Վերջիններիս հետ վիճաբանության մեջ է մտել ոմն Ալեքսան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի բժշկական կենտրոնում Խ. Գրիգորյանը որոշ ժամանակ անց մահացել է: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական անհրաժեշտ գործողություններ՝ ոմն Ալեքսանի ամբողջական տվյալները և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով:

Նմանատիպ նյութեր