39440 դիտում
14:38 28-08-2014
Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորում. կենդանաբանական այգու աշխատակիցներն ու փրկարարները մեծ դժվարությամբ անտառ տեղափոխեցին գյուղում հայտնված արջին. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Արտավան վարչական շրջանի ղեկավարն ահազանգել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչություն և հայտնել, որ գյուղի տներից մեկի այգու փշալարերի մեջ արջ կա:
Ինչպես Արտավան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ է ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Լևոն Յազիչյանի, ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց Ձորի փրկարարական վարչության աշխատակիցները՝ Վայքի հրշեջ-փրկարարական խումբը, ինչպես նաև Երևանի ԱԻն-ի ներկայացուցիչներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղ ժամանած Երևանի կենդանաբական այգու աշխատակիցները՝ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, տնօրենի օգնական Մանուկ Մանուկյանի և անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանի օգնությամբ 1 կրակոցով քնեցրին արջին, որից հետո փրկարարները ոստիկանների և գազանանոցի աշխատակիցների, ինչպես նաև առաջին իսկ պահից դեպքի վայրում աշխատանքներ կատարող Վայող Ձորի մարզի Որսորդմիության պատասխանատուի հետ արջին տեղափոխեցին գյուղին հարակից անտառ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ արդեն անտառում կենդանաբանական այգու աշխատակիցները հատուկ դեղ ներարկեցին արջին, իսկ որոշ ժամանակ անց նա արդեն արթնացավ և ուղղություն վերցրեց դեպի անտառ: Գ. Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ու գյուղապետն ասացին, որ նման դեպքեր էլի են պատահել իրենց գյուղում, երբ արջը գիշերով գյուղ է մտնում և հիմնականում քանդում է մեղվաբները, մեղր ուտում, իսկ հետո հեռանում, սակայն այս անգամ նա փշալարերի մեջ էր հայտնվել ու չէր կարողացել դուրս գալ:
Ի դեպ, առիթից օգտվելով, գյուղացիները իրենց շնորհակալությունն հայտնեցին կենդանաբանական այգու աշխատակիցներին, ոստիկաններին և փրկարարներին և խնդրեցին կառավարությանը, որպեսզի մի քիչ միջոցներ ձեռնարկեն՝ իրենց գյուղի ավերված ճանապարհները վերանորոգելու համար, որպեսզի դրախտ հիշեցնող գյուղը ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով չդատարկվի և չդառնա «դժոխք»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+