211652_close_icon
views-count895 դիտում article-date 18:08 10-11-2026

Արտառոց դեպք՝ Էջմիածնում. Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի աշակերտուհուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում անչափահասը անչափահասին դանակահարել է, ինչի հետևանքով վիրավորը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները՝ բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 15-ամյա Մարիա Յ.-ի և 15-ամյա Նարե Գ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ էլ Նարե Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մարիա Յ.-ին, ինչի հետևանքով վերջինը «որովայնի 1-ին պատի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Նարե Գ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, բանակցություններ են վարել Նարե Գ.-ի հարազատների հետ, ովքեր հայտնել են, որ երեխային կներկայացնեն ոստիկանություն։ Մինչ այս պահը դեռևս նրան չեն ներկայացրել։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարիա Յ.-ն սովորում է Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցում, իսկ Նարե Գ.-ն՝ Երևանի պետական հումանիտար քոլեջի 1-ին կուրսում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր