211652_close_icon
views-count262 դիտում article-date 16:22 11-11-2026

ԽՍՀՄ տարիներից հայտնի Հյուսիսային ավտոկայան հասնելու համար հետիոտները երբեմն դառնում էին զոհ. իսկ վայրը մարդիկ կոչել էին «մահվան անցում». կառավարության ֆինանսավորմամբ վերջապես վերգետնյա անցումը կառուցվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Արդեն մի քանի օր է՝ շահագործման է հանձնվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ վերգետնյա անցումը։ Անցում, որի անհրաժեշտությունը կար անգամ սովետական տարիներին, երբ հետիոտները, վտանգելով իրենց ու վարորդների կյանքը, երբեմն ավտոկայան հասնելու համար անցնում էին հետիոտնի համար չնախատեսված վայրով, որոշ դեպքերում էլ տեղի էին ունենում վրաերթեր, ցավոք, նաև մահվան ելքով։

SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հրապարակումներ է կատարել նշված վայրից ու կարելի է ասել՝ 20 տարուց ավելի է պատկան մարմիններին էինք փոխանցում հարյուր-հազարավոր վարորդների ու հետիոտների խնդրանքը, որպեսզի այդ հատվածում կառուցվի վերգետնյա անցում, ու ամեն անգամ, երբ այդ հատվածում հերթական վրաերթն էր տեղի ունենում, պատասխանատուներից լսում էինք նույն քոփի-փեսթ արած խոսքը՝ մենք շատ արագ վերգետնյա անցումը կկառուցենք, ու մարդիկ հավատալով սպասում էին, մինչև որ հերթական մահվան ելքով վրաերթը տեղի չէր ունենում ու էլի պատասխանատուներից նույն պատասխանը։

SHAMSHYAN.com-ը վերջին վրաերթերից ու ավտովթարներից հետո հետիոտների ու վարորդների խնդրանքը փոխանցել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանին, Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ահարոն Սահակյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ներկայիս նախարար Դավիթ Խուդաթյանին, որպեսզի ցուցաբերեն հետևողականություն, վերջապես այդ հատվածում կառուցվի վերգետնյա անցում, ինչը հազարավոր մարդկանց կյանքեր կփրկի։

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն վերգետնյա անցումը կարելի է ասել գործում է, աշխատանքները 80 տոկոսով, եթե ոչ ավելի, կատարված են, ու հիմա հետիոտները կարող են փողոցն անցնել վերգետնյա անցումով։

Վարորդների ու հետիոտների կողմից հատուկ շնորհակալություն ՏԿԵ նախկին ու ներկա նախարարներ Գ. Սանոսյանին, Դ. Խուդաթյանին, ԱԺ պատգամավոր Ահարոն Սահակյանին, վերգետնյա անցումը կառուցող ընկերության աշխատակիցներին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նման վտանգավոր ու մահաբեր հատված կա նաև դեպի «Արծվի թևեր» տանող՝ Պտղնիի հատվածում, ոչ թե Աբովյանի «Գայի պոստի» մոտից, այլ «Արծվի թևերի», քանի որ այդտեղ նույնպես ոչ միայն շարժն է շատ, այլև հարևանությամբ բնակվում են հազարից ավելի սեփական տների բնակիչներ, որոնց խնդրանքը նույնպես փոխանցել ենք պատկան մարմիններին, և հույսով սպասում ենք, որ այդ հատվածում նույնպես կկառուցվի վերգետնյա անցում, ու ամեն անգամ ծնողներն իրենց երեխաներին մանկապարտեզ ու դպրոց տանելիս չեն մտածի, որ կհայտնվեն ավտոմեքենաների տակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել, որով պատկան մարմիններին էինք փոխանցել հազարավոր վարորդների ու հետիոտների խնդրանք-պահանջը, որպեսզի արագացնեին Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց վերգետնյա անցումի շինարարությունը, քանի որ այդ վայրում երկար ու ձիգ տարիներ միշտ տեղի էին ունեցել վրաերթեր, այդ թվում՝ մահվան ելքով։ Ու կառավարությունը գումար էր հատկացրել, որպեսզի վերգետնյա անցումը կառուցվեր։ Այն սկսվել էր, սակայն, չգիտես ինչու, աշխատանքները դադարեցվել էին։

Հոկտեմբերի 21-ին, ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, կարծես թե սայլը տեղից շարժվում էր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջամտության արդյունքում մրցույթը շահած ընկերությունը սկսել էր վերգետնյա անցումի շինարարությունը, ինչի համար էլ հատուկ կառուցված երկաթե կոնստրուկցիաներ էին բերվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ամիսներ առաջ կառավարությունը հայտարարել էր, որ հաշվի առնելով քաղաքացիների անվտանգությունը, խոշոր չափի գումար է տրամադրել, որպեսզի Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվեր վերգետնյա անցում, ինչը մեծ ոգևորություն էր առաջացրել հատկապես վարորդների մոտ, քանի որ եղել էին հարյուրավոր դեպքեր, երբ նշված հատվածում տեղի էին ունեցել վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու վարորդն ու հետիոտնը մեկմեկու էին մեղադրել վրաերթերում։

Մի քանի ամիս շարունակ մեծ թափով աշխատանքները սկսվել էին, հենասյուները կանգնեցրել, դրվել էին մի քանի աստիճաններ, սակայն արդեն տևական ժամանակ գործն առաջ չէր գնում, ինչը անհանգստություն էր պատճառում թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին և թե՛ Հյուսիսային ավտոկայան ժամանողների։

Իսկ թե երբ կվերսկսվեր այդ լավ գործը, որն անավարտ էր մնացել, երևի միայն կառուցապատողին էր հայտնի, բայց որ օր առաջ պետք էր աշխատանքներն ավարտին հասցնեին, դա ակնհայտ էր։

Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր