211652_close_icon
views-count295 դիտում article-date 15:56 04-11-2026

Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երևանն արդեն երրորդ տարին է, ինչ ակտիվ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, բայց ներկա է մշտական ներկայացուցիչների բոլոր ամենշաբաթյա խորհրդակցություններին, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը` եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի շրջանակներում, գրում է 1lurer.am-ը։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը պետք է կայացնեն Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը։

Մասադիկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից արդեն կա որոշման նախագիծ՝ կապված Հայաստանի հետ։ Նա պարզաբանել է, որ ներկայումս կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու մասին քննարկում չկա։

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կարգավորում է այն միջոցառումները, որոնք կարող են կիրառվել անդամ պետությունների նկատմամբ, եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները, այսինքն՝ եթե երկու տարի մուծում չանեն կազմակերպության բյուջե։

Նման դեպքում երկիրը կարող է զրկվել իր քաղաքացիներին ՀԱՊԿ քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքից։ Ավելին` Երևանը կարող է զրկվել նաև կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև իր վճարների լրիվ մարումը։

Նմանատիպ նյութեր